Իշխանության քննադատների վրա հարձակումների շարք Վրաստանում

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Վրաստանում կառավարության քննադատները, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդը, երիտասարդական ճամբարը և ուսանող ցուցարարները, ըստ ամենայնի, հարձակման են ենթարկվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմնակիցների կողմից շաբաթավերջին տեղի ունեցած մի շարք բռնի միջադեպերի ընթացքում:

Շաբաթ օրը Թբիլիսիի պետական համալսարանում «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի դասախոսության դեմ բողոքելու փորձ արած ուսանողները հարձակման են ենթարկվել կուսակցության կողմնակիցների կողմից: Հաղորդվում է, հարձակմանը մասնակցել են «Վրացական երազանքի» երիտասարդական թևի անդամները, ինչի հետևանքով առնվազն մեկ ուսանող հոսպիտալացվել է:

Շաբաթ օրը ավելի վաղ տեղի ունեցած մեկ այլ միջադեպի ժամանակ Զուրաբ Ջափարիձեն, որը գլխավորում է ազատական ընդդիմադիր «Գիրչի – ավելի շատ ազատություն» կուսակցությունը, Գորիում հարձակման է ենթարկվել մի մարդու կողմից, որը հայտարարել է, թե դեմ է Վրաց ուղղափառ եկեղեցու վերաբերյալ Ջափարիձեի տեսակետներին:

Ջափարիձեն շրջիկ դասախոսություն պետք է կարդար երիտասարդական ճամբարում, որը ևս նույն օրը հարձակման է ենթարկվել: Ճամբարի վրա հարձակումը կազմակերպել է պահպանողական, «Վրացական երազանքի» նախկին անդամ Վատո Շաքարիշվիլին։

Հարձակում ուսանողների վրա Թբիլիսիի պետական համալսարանում

Թբիլիսիի պետական համալսարանում ծեծկռտուքը տեղի է ունեցել, երբ մի քանի ուսանող փորձել է բողոքի պաստառներ պարզել համալսարանի աստիճանների վրա՝ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի դասախոսության օրը: Կոբախիձեի թիկնապահները թույլ չեն տվել դա անել։ Համալսարանի կադրերում երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ այնուհետև աստիճանների վրա հարձակվում ուսանողների վրա:

Միջադեպը տեղի է ունեցել մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ ուսանողները ռուսական ռուբլիներ էին շպրտել Կոբախիձեի վրա, երբ նա իջնում էր համալսարանի աստիճաններով: Կոբախիձեն այդ ցույցի մասնակիցներին անվանել է «ապակողմնորոշված երիտասարդներ»։ «Վրացական երազանքի» առաջնորդները հաճախ են շահարկել կուսակցությանը դեմ երիտասարդների «կողմնորոշումը»՝ դա վերագրելով վերջիններիս քաղաքական և սեռական կողմնորոշմանը:

Ըստ ընդդիմադիր Մտավարի հեռուստաալիքի, շաբաթ օրը ուսանող ցուցարարների վրա հարձակված երիտասարդները դուրս են եկել լսարանից, որտեղ Կոբախիձեն պետք է ելույթ ունենար: Հեռուստաալիքը հայտնել է, որ նրանց թվում էին «Վրացական երազանքի» երիտթևի անդամներ: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ բռնության ժամանակ մի քանի մարդ ընկել է աստիճաններից, ոմանց բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել:

«Հարբած» ոստիկանը բերման է ենթարկվել հիվանդանոցում

Միջադեպի հետևանքով հոսպիտալացվածներից մեկը Լուկա Շվելիձեն է, որը, ինչպես հայտնում են լրատվամիջոցները, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» երիտթևի անդամ է: Նրան տեղափոխել են Թբիլիսիի Խեչինաշվիլիի կլինիկա։

Շվելիձեն պատմել է, որ նույն օրը ավելի ուշ քաղաքացիական հագուստով երկու տղամարդ այցելել է հիվանդանոց՝ իրեն հարցեր ուղղելով։ Տղամարդկանցից մեկը զինված է եղել, որին Շվելիձեն նկարագրել է որպես հարբած՝ ալկոհոլի հոտով։

Շվելիձեն պատմել է, որ տղամարդը՝ հետագայում բացահատված որպես քրեական ոստիկանության անդամ Դավիթ Կախնիաշվիլի, զայրացել է, երբ Շվելիձեն կասկածանքով է նրան վերաբերվել՝ ցույց տալով տաբատի մեջ խցկված ատրճանակը և սպառնալով։ Շվելիձեն պատմել է, որ մյուս տղամարդը փախել է, երբ ինքը սկսել է հեռախոսով նկարահանել: Այնուհետև Շվելիձեի ընտանիքը ոստիկանություն է կանչել։

Հիվանդանոցից դուրս գտնվող կադրերում երևում է, որ Կախնիաշվիլին՝ դեռ զինված, սայթաքում է և կռվում Շվելիձեի հետ: Մյուս կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանները քաշքշում Կախնիաշվիլիին՝ պատռված և արյունոտ վերնաշապիկով:

Կադրերում Կախնիաշվիլին օրորվում է՝ աչքերը շաղված հայացքով։ Սպաները մի քանի անգամ փորձում են վերցնել ատրճանակը, որը դեռ խցկված էր նրա տաբատի մեջ, սակայն Կախնիաշվիլին խանգարում է նրանց դա անել։ Սպաները, Կախնիաշվիլիի ձեռքերը մեջքի հետևում ոլորելով, ուժով նրան նստեցնում են ոստիկանական մեքենան ու հեռանում։

Երկուշաբթի Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ Շվելիձեն հարցաքննության է կանչվել հունիսի 20-ին, և որ հիվանդանոցում տեղի ունեցած միջադեպը հետաքննվում է «ոստիկանին չենթարկվելու» համար։ Ներքին գործերի նախարարության խոսնակը OC Media-ին ասել է, որ սենյակում գտնվող այլ անձինք են խանգարել սպաներին խոսել Շվելիձեի հետ:

ՆԳՆ-ից էլ հայտնել են, որ հետաքննում են համալսարանում տեղի ունեցած բռնությունները։

Հարձակում ընդդիմության առաջնորդի և երիտասարդական ճամբարի վրա

Շաբաթ օրը «Վրաստանն առաջին տեղում» պահպանողական խմբավորումը հարձակվել է Բորժոմիում գտնվող հյուրանոցի վրա, որտեղ անցկացվում էր Թբիլիսիում գործող Անհատի ազատության ինստիտուտի կազմակերպած երիտասարդական ճամբար։

Միջադեպի կադրերում երևում է, որ ամբոխը հայհոյանքներ է հնչեցնում և քարեր, ներկ ու ձվեր նետում շենքի վրա: Դեպքի վայրում անմիջապես հայտնվում է կառավարամետ PosTV հեռուստաալիքը: «Վրաստանն առաջին տեղում» խմբավորումը հիմնադրվել էր դեպքից մեկ շաբաթ առաջ՝ պահպանողական քարոզիչ Վատո Շաքարիշվիլիի կողմից:

Շաքարիշվիլին «Վրացական երազանք» կուսակցությունից Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախկին անդամ է, աշխատել է նաև կառավարամետ լրատվամիջոցներում: Շաքարիշվիլին վրացի երգչուհի և կառավարության բացահայտ համախոհ Գիա (Ուծնոբի) Գաչեչիլաձեի հետ միասին հիմնել է նաև պահպանողական «Այ Իա» շարժումը։

Հարձակումից երեք ժամ չանցած՝ Զուրաբ Ջափարիձեն, որը ղեկավարում է ազատական ընդդիմադիր «Գիրչի – ավելի շատ ազատություն» կուսակցությունը, հարձակման է ենթարկվել Գորի քաղաքում, երբ մեկնում էր Բորժոմի՝ երիտասարդական ճամբարում ելույթ ունենալու։

Կուսակցության խոսնակը հայտնել է, որ մի տղամարդ մոտեցել է իրենց մեքենային և հիշեցնելով Ջափարիձեի՝ Վրաց ուղղափառ եկեղեցու մասին խոսքերը, հարվածել է նրա դեմքին, ինչի արդյունքում Ջափարիձեն աչքի վնասվածք է ստացել։

«Վրաստանն առաջին տեղում»-ը տրամադրել է միջադեպի լրացուցիչ մանրամասները, սակայն հերքել է իր ներգրավվածությունը: Formula ալիքը, վկայակոչելով անանուն աղբյուրը, պնդում է, որ Ջափարիձեի վրա հարձակումը կազմակերպել է Պետական անվտանգության ծառայությունը:

Գորիի ոստիկանությունը ձերբակալել է Ջափարիձեի վրա հարձակման մեջ մեղադրվող կասկածյալին, իսկ ՆԳՆ-ն հայտնել է, որ հետաքննություն է սկսել Բորժոմիում տեղի ունեցած հարձակման առնչությամբ՝ գույքի ոչնչացման գործով։

Երկուշաբթի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն Ջափարիձեի վրա հարձակման մեջ մեղադրել է արմատականությունն ու բևեռացումը, սակայն պնդել, որ բռնության ցանկացած ակտ պետք է հետաքննվի։

«Ընդհանուր առմամբ, մեր երկրի համար ամենակարևորը բևեռացմանը վերջ տալն է և արմատականության աստիճանը նվազեցնելը։ Կան կոնկրետ ուժեր, որոնք ուղղակիորեն և արհեստականորեն փորձում են բևեռացնել քաղաքական իրավիճակը, արմատականություն մտցնել, և ցավոք, այս ամենը երբեմն վերածվում է բռնության։ Սա շատ վատ է, ես կոչ եմ անում բոլորին զերծ մնալ երկրում բևեռացումը խորացնող որևէ գործողությունից»,- ասել է Կոբախիձեն։

Վրաստանի հանրային պաշտպանը խոստացել է հետաքննել ինչպես Ջափարիձեի, այնպես էլ երիտասարդական ճամբարի և Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողների վրա հարձակումները:

Մեկնաբանել