Հունաստանում 24-ժամյա գործադուլ է

Հունաստանում պետական և մասնավոր հատվածի արհմիությունների կոչով այսօր առավոտյան սկսվել է 24-ժամյա գործադուլ։ Մեկ օրով դադարեցվել է ծովային լաստանավերի և գնացքների երթևեկությունը։ Մեծ խանգարումներով աշխատում է քաղաքային տրանսպորտը Աթենքում, փակ են խանութները, ակցիային մասնակցում են բժիշկները, ուսուցիչները, իրավաբանները։ Գործադուլը հայտարարվել է՝ ի նշան բողոքի խիստ խնայողության նոր միջոցառումների, որոնք պատրաստվում է ընդունել Հունաստանի կառավարությունը, հաղորդում է Euronews-ը։

«Ես վստահ չեմ, որ ակցիայի մասնակիցներին կհաջողվի ինչ-որ բան փոխել, սակայն քաղաքացիների դժգոհության հստակ ազդանշան հարկ է ուղարկել»,- ասում է Աթենքի բնակիչներից մեկը։

«Իշխանությունների համար մեկ է, նրանք արդեն ամեն ինչ որոշել են։ Սակայն հարկ է ինչ-որ կերպ դուրս գալ այս թունելից։ Ահա թե մենք ինչ են ուզում»,- ասում է քաղաքի մեկ այլ բնակիչ։

Հունաստանի կառավարությունը մշակում է խիստ խնայողության միջոցառումների նոր փաթեթ, որը վարկատուների միջազգային «եռյակի»՝ €130 մլրդ-ի վարկային երկրորդ փաթեթից երկրին խիստ անհրաժեշտ €31,5 մլրդ տրանշի հատկացման պայմանն է։

«Կառավարությունն առաջարկում է ծախսերի կրճատման ամենախիստ միջոցառումները, որոնք երբևէ դիտարկվել են խորհրդարանում։ Խոսքը հասարակության (որն առանց այդ էլ թալանված է)՝ մոտ €12 մլրդ-ի խնայողության մասին է»,- ասում է ADEDY արհմիության ներկայացուցիչը։

Բյուջետային խնայողության նոր փաթեթը լինելու է ամենածանրը բոլոր նրանցից, որ ընդունվել են վերջին տարիներին։ Արհմիությունները մտադիր են այսօր Աթենքի կենտրոնում իրականացնել մի շարք ցույցեր։

Մեկնաբանել