Վրաստանը ձգտում է սերտ հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի Չինաստան կատարած մեկշաբաթյա այցի ընթացքում Վրաստանի և Չինաստանի ղեկավարները պայմանավորվել են «երկկողմ հարաբերությունները հասցնել ռազմավարական գործընկերության»։

Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով Չինաստանում էր՝ մասնակցելու Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերին։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ համաձայնագրի մասին նախապես չի հաղորդվել։

Վրաստանի իշխանությունների քննադատները նախազգուշացրել են, որ Չինաստանի հետ համաձայնագիրը կարող է վտանգել Արևմուտքի հետ երկրի հարաբերությունները:

Հուլիսի 28-ին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո երկու առաջնորդները երկուշաբթի համատեղ հայտարարություն են տարածել, որում ուրվագծում են քաղաքական, տնտեսական, մշակութային և միջազգային համագործակցության ոլորտները:

Հայտարարությունում նշվում է, որ Վրաստանն աջակցում է Չինաստանի արտաքին քաղաքականության մի շարք նախաձեռնությունների, ներառյալ՝ «Գլոբալ քաղաքակրթության նախաձեռնությանը», «Գլոբալ զարգացման նախաձեռնությանը» և «Գլոբալ անվտանգության նախաձեռնությանը»:

Այն նաև ընդգծում է, որ Վրաստանն աջակցում է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տնտեսական նախաձեռնությանը, որի վերաբերյալ երկու առաջնորդներն առանձին համաձայնագիր են ստորագրել։

Ղարիբաշվիլին ջերմ ընդունելության է արժանացել Չենդուում վայրէջք կատարելիս։

Հուլիսի 31-ին Պեկինում ելույթ ունենալով Չինաստան-Վրաստան բիզնես ֆորումին՝ Ղարիբաշվիլին կարծես փորձում էր չինական ներդրումներ ներգրավել վրացական մի շարք ենթակառուցվածքային նախագծերում, այդ թվում՝ Անակլիայի խորջրյա նավահանգստի խնդրահարույց նախագծում։

Չինաստանի ղեկավարը, ակնհայտորեն Արևմուտքին ուղղված խայթող դիտողություն անելով, հուլիսի 28-ին ասել էր, որ «անկախ միջազգային ասպարեզում տեղի ունեցող զարգացումներից՝ Չինաստանի վերաբերմունքը չի փոխվի Վրաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում»:

«Վրաստանը մեկ այլ շրջադարձ է կատարում»

Վրացի ընդդիմադիր գործիչները շտապեցին զգուշացնել, որ Չինաստանի հետ գործընկերությունը կարող է վտանգ ներկայացնել Արևմուտքի հետ հարաբերությունների համար:

Ընդդիմադիր «Լելո» կուսակցության անդամ Թամազ Դաթունաշվիլին ասել է, որ դրանով փորձ է արվում «սաբոտաժի ենթարկել» Վրաստանի՝ ԵՄ անդամակցության հայտը։ Ակնկալվում է, որ այս տարեվերջին ԵՄ-ն կվերանայի ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու վերաբերյալ Վրաստանի դիմումը։

Չինաստանի հետ համաձայնագիրը Դաթունաշվիլին կապում է նաև Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի հետ։

«Չինաստանը Ռուսաստանի պատերազմի գլխավոր ֆինանսավորողն է և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու խոչընդոտներից մեկը,- ասել է նա։- Այս իրավիճակում Չինաստանի հետ ռազմավարական գործընկերությունը նշանակում է ռազմավարական գործընկերություն Ռուսաստանի հետ»։

Համաձայնագրի վերաբերյալ նաև ոչ միանշանակ գնահատականներ են հնչել։ Վրաստանի Խորհրդարանի միջկուսակցական «Եվրոօպտիմիստներ» քաղաքական խմբի անդամ Ռոման Գոցիրիձեն ողջունել է Չինաստանի հետ տնտեսական կապերը՝ զգուշացնելով, որ Վրաստանը պետք է «զգույշ լինի» և նման կապեր չստեղծի Արևմուտքի հետ հարաբերությունների հաշվին:

«Ստրատեգիա Աղմաշենեբելի» կուսակցության անդամ Սերգո Չիխլաձեն պնդել է, որ խորհրդարանը պետք է իր խոսքն ասի Չինաստանի հետ ռազմավարական ցանկացած հարաբերությունների վերաբերյալ:

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելիի գլխավորած «Քաղաքացիական գաղափար» վերլուծական կենտրոնը նույնպես զգուշացրել է համաձայնագրի վտանգի մասին։ Կազմակերպությունը, արձագանքելով հարցին, որ Վրաստանը հավանություն է տալիս Չինաստանի արտաքին քաղաքականության նախաձեռնություններին, նշել է, որ «նման դատարկ հանձնառությունը չափազանց անպատասխանատու և մեծապես շփոթեցնող է մի երկրի կողմից, որը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ի միանալը սահմանադրորեն հաստատել է որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն»:

«Քաղաքացիական գաղափարը» պնդում է, որ «ավտորիտար Չինաստանի հետ կառավարման փորձով փոխանակվելու» Ղարիբաշվիլիի նախաձեռնությունը ուղերձ էր Եվրոպային, որ «եթե դուք պատրաստ չեք մեզ ընդունել այնպիսին, ինչպիսին կանք, ապա Չինաստանը միշտ կա»:

«Կոմունիստական Չինաստանի հետ ռազմավարական գործընկերությունը ՆԱՏՕ-ի և ընդհանրապես Արևմուտքի նկատմամբ Վրաստանի կառավարության վարած երկիմաստ և վնասակար քաղաքականության ֆոնին հակասում է Սահմանադրությամբ սահմանված երկրի ռազմավարական և արտաքին քաղաքական նպատակներին և սպառնում է ազգային անվտանգությանը»,- եզրակացրել է կազմակերպությունը։

ԱՄՆ Պետդեպարտամենտը արձագանքել է՝ Formula-ի հետ զրույցում ասելով, որ իրենք կհետևեն, թե հետագայում ինչպես կզարգանան Չինաստանի հետ Վրաստանի հարաբերությունները:

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանն իր հերթին լրագրողներին ասել է, որ թեև Վրաստանի կառավարությունն ինքը պետք է որոշի Չինաստանի հետ իր հարաբերությունների բնույթը, շատ երկրներ դուրս են գալիս Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունից:

Եվրախորհրդարանի պատգամավոր և Վրաստանի կառավարության մոլի քննադատ Վիոլա ֆոն Կրամոնը X-ի (նախկին Twitter) իր էջում գրել է, որ ի պատասխան՝ Վրաստանը «կրկին մեկ այլ շրջադարձ է կատարում»:

Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Թոռնիկե Շարաշենիձեն OC Media-ի հետ զրույցում չի համաձայնել շրջանառվող խոսակցությունների հետ, թե այս քայլով Վրաստանը փորձում է «շանտաժի ենթարկել» Արևմուտքին:

«Վրաստանը ռեսուրսներ չունի շանտաժի ենթարկելու համար, սակայն եթե Վրաստանը լավ հարաբերություններ ունենա հնարավորինս շատ խոշոր խաղացողների հետ, ապա ավելի ամուր դիրքեր կունենա բոլորի հետ հարաբերվելիս՝ և՛ թշնամիների, և՛ բարեկամների»,- ասել է նա։

«Հնարավոր է, որ Վրաստանը փորձում է հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունը… դրանում աղետալի որևէ բան չկա»,- հավելել է նա:

Շարաշենիձեն, շեշտել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը կարող է դժվարություններ ստեղծել ԱՄՆ-ի հետ Վրաստանի հարաբերություններում, սակայն ԱՄՆ-ը ինքը պետք է մտածի, թե ինչու է Վրաստանն այլ դաշնակիցներ փնտրում։

«Վրաստանի այս քաղաքականությունը […] պայմանավորված է նրանով, որ մենք, ցավոք, որևէ մեկի կողմից անվտանգության երաշխիքներ չունենք։ Ամերիկան նաև սա պետք է հաշվի առնի։ Եթե մենք ունենայինք անվտանգության երկկողմ ձևաչափ [ԱՄՆ-ի հետ], ինչպիսին, օրինակ, Հարավային Կորեան ունի, ապա ամեն ինչ բոլորովին այլ կերպ կլիներ»,- նշել է Շարաշենիձեն:

«Տարածաշրջանում օկուպանտին՝ Ռուսաստանին, միակ հակակշիռը Ամերիկան է։ Մեզ համար իդեալական իրավիճակ կլիներ անվտանգության ամերիկյան երաշխիքներ ունենալը»,- բացատրել է նա։

«Երբ դու ունես դա, պարզ է, որ այլևս չես վախենա և այլևս չես վազի երբեմն դեպի Չինաստան, երբեմն [այլ տեղ]»,- հավելել է նա։

Շարաշենիձեն նաև նշել է, որ ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Չինաստանի հետ հարաբերությունների ջերմացումը դժվար թե վնասի ԵՄ-ի հետ հարաբերություններին։

«Ես այդպես չեմ կարծում Եվրամիության դեպքում, նրանք իրենք են հայտարարել Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին»,- նշել է նա:

Շարաշենիձեն ասել է, որ դժվար է կանխատեսել, թե ինչպես կարտացոլվի չինական քաղաքական ազդեցության աճը Վրաստանում, բայց «հաշվի առնելով, որ Չինաստանը շատ դանդաղ է աշխատում, չի շտապում՝ կարծում եմ, որ նա չի շտապում մտածել Վրաստանում քաղաքական կամ ռազմական ազդեցության մասին․ Վրաստանը շատ հեռու է»։

Անակլիայի նավահանգիստը

Չինաստան Վրաստանի վարչապետի կատարած այցի արդյունքներից մեկը, ըստ երևույթին, եղել է Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագծի համար չինական ֆինանսավորում ապահովելու հնարավորությունը։

Նախագծի մասին առաջին անգամ հայտարարվել է 2014-ին, և երբ արդեն հարյուր միլիոնավոր լարիի ներդրում էր արված, այդ թվում՝ ներկայիս ընդդիմադիր գործիչ Մամուկա Խազարաձեի կողմից, մի շարք սկանդալներից հետո շինարարությունը կանգ առավ։ Դրանցից էր նաև Փոթիում մրցակից նավահանգստի նախագիծը, որին, ըստ երևույթին, աջակցում էր «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին։

Անակլիայի նավահանգստի շինարարական աշխատանքները կառավարության կողմից կառուցապատողի հետ պայմանագիրը խզելուց առաջ, լուսանկարը՝ ADC-ի։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ողջունել է Անակլիայում չինական ներդրումների հնարավորությունը։

«Վրաստանի կառավարությունը գործում է երկրի շահերից ելնելով […]։ Ինչո՞ւ պետք է կտրականապես բացառենք Չինաստանի մասնակցությունը Անակլիայի նավահանգստի նախագծին։ Ինչո՞ւ է դա սպառնալիք: Եթե ընդդիմությունը կարծում է, որ Չինաստանը վտանգ է ներկայացնում Վրաստանի համար, դա շատ հետաքրքիր է»,- ասել է նա։

«Անակլիայի նավահանգիստը պետական ծրագիր է, և այստեղ կասկածներ չեն կարող լինել, որ նախագիծը կարող է որևէ մեկին հանձնվել։ Այդուհանդերձ, իհարկե, չինական ներդրումներում մենք վտանգ չենք տեսնում։ Մենք ոչ միայն վտանգ չենք տեսնում, այլև ողջունում ենք նրանց ներդրումները։ Չինաստանից ցանկացած ներդրում ողջունելի է»,- ընդգծել է նա։

Թոռնիկե Շարաշենիձեն ասել է, որ շինարարության համար կպահանջի «կա՛մ ամերիկյան, կա՛մ, ավելի քիչ, չինական» գումար, քանի որ «ուրիշ ոչ ոք ներդրումներ չի կատարի» այս նախագծում։

Շարաշենիձեն նաև նշել է, որ Վրաստանի և Չինաստանի միջև տնտեսական կապերը զարգանում են «երկար ժամանակ», և վկայակոչել է 2017-ից երկու երկրների միջև գործող ազատ առևտրի համաձայնագիրը։

«Քաղաքացիական գաղափար» վերլուծական կենտրոնն ավելի քննադատաբար է վերաբերվում չինական հնարավոր ներդրումներին՝ պնդելով, թե «գաղտնիք չէ», որ Անակլիայի նավահանգստի նախագծի իրականացման մրցույթը երկարաձգվել է չինական ներդրումներ ներգրավելու նպատակով։

«Դատելով զարգացումներից և արված հայտարարություններից՝ մենք ակնկալում ենք, որ հաղթողը կընտրվի և հայտնի կդառնա հոկտեմբերի վերջին Վրաստանում անցկացվելիք «Մետաքսի ճանապարհ» չորրորդ ֆորումի ժամանակ չինացի բարձրաստիճան պաշտոնյաների և մոտ 2000 պատվիրակների ներկայությամբ»,- ասվում է կազմակերպության հայտարարությունում։

«Միջոցառումը որպես առիթ կօգտագործվի՝ ստվերելու համար զարգացումները՝ կապված Վրաստանի ԵՄ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ Եվրահանձնաժողովի կարծիքի հետ, որը նույնպես սպասվում հոկտեմբերին»,- նշվում է հայտարարությունում։

Մեկնաբանել