Կանադան կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ադրբեջանին կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։

«Կանադան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և թույլ տալ մարդկանց ու ապրանքների ազատ տարանցումը Լաչինի միջանցքով։ Բոլոր կողմերին կոչ ենք անում շարունակել խաղաղ երկխոսությունը»,- ասված է Կանադայի արտաքին գործերի նախարարության թվիթերյան գրառման մեջ։

2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։

Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։

Հուլիսի 26-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ հումանիտար օգնություն է ուղարկում Արցախ։ Նախապես հայտարարվել էր, որ հայկական կողմը բեռը կհասցնի Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահներն այն կտեղափոխեն Արցախ։ Օգնությունը տեղափոխող բեռնատար մեքենաները դեռ կանգնած են հայկական անցակետի մոտ։

Մեկնաբանել