Պաշարված Արցախ․ պայքար օրվա հացի համար

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Հայաստանից Արցախ։ Պարենային ապրանքատեսակների մեծ մասը խանութներում բացակայում է։ Պահուստային ֆոնդում եղած ապրանքները՝ շաքարավազը, հնդկաձավարը, բրինձը, մակարոնեղենը և ձեթը հնարավոր է ձեռք բերել միայն կտրոններով։

Ստեփանակերտի կենտրոնական շուկայում, կարելի է ասել, բանջարեղեն և մրգեր հնարավոր չէ գտնել։ «Արցախկաթ» ընկերությունը արտադրանքի ծավալը կրճատել է։ Կաթնամթերքը խանութներում առկա է լինում միայն առավոտյան ժամերին, այն էլ՝ ոչ բոլորին է հասնում։

Չկան տարրական հիգիենայի պարագաներ։ Այս պահին առկա է նաև դիզվառելիքի խնդիր, որը մինչև շրջափակումը ներկրվում էր Հայաստանից։ Շրջաններում ապրող մարդիկ ընդհանրապես կտրված են մայրաքաղաքից։ Արցախում շատ դեղատներ չեն աշխատում․ սպառվել են դեղերը և մանկական կաթնախառնուրդները։

Քաղաքում գործող բոլոր հացի փռերի մոտ հերթեր են օրվա գրեթե բոլոր ժամերին․ էլեկտրաէներգիայի անջատումների հետևանքով հաց չի թխվում, վառելիքի բացակայության պատճառով էլ՝ այն խանութներ չի մատակարարվում։ Ստեփանակերցիները հիմնականում փռերից են հաց գնում։

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով շատ մարդիկ կորցրել են իրեց աշխատանքը։ Ասյա Ահարոնյանի եկամտի միակ աղբյուրը բենտո տորթեր պատրաստելն է։

«Այս օրերին ամեն ինչ անում եմ իմ հաճախորդներին գոհացնելու համար, մինչև այն պահը, երբ խանութները լիովին դատարկվեցին, ապրանքներ գտնելը անհնարին էր։ Տորթի համար նախատեսված սովորական ձուն անգամ կարող էի երազում տեսնել, այդ կարգի մենք ամեն ինչից զուրկ էինք։ Վառելիքի բացակայության պատճառով էլ գյուղերից կաթը և ձուն չէր հասնում քաղաք»։

Քնարիկ Կարապետյան, Ստեփանակերտ

Մեկնաբանել