Լաչինի միջանցքից առևանգված երիտասարդների իրավունքների պաշտպանության պահանջով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

Լաչինի միջանցքից առևանգված երեք երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցով Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։

«Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով»,- ասված է հաղորդագրությունում։

***

Օգոստոսի 28-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հակարիի անօրինական անցակետով անցնելիս Արցախի երեք բնակիչ՝ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը, Լևոն Գրիգորյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ հաղորդվեց, որ Ադրբեջանը նրանց մեղադրում է իր դրոշը անարգելու մեջ։

Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «հայ ֆուտբոլիստների կողմից Ադրբեջանի Հանրապետության դրոշի նկատմամբ վիրավորական գործողություններ կատարելու փաստի առնչությամբ» […] հարուցվել է քրեական գործ, ապա դադարեցվել է քրեական հետապնդումը՝ «հաշվի է առնվել մեղադրյալների տարիքը, կատարած արարքն անկեղծորեն ընդունելու նրանց զղջումը»։

Երեք երիտասարդների նկատմամբ նշանակել է տասը օրով վարչական կալանք․ «Վարչական ազատազրկման պատիժը կատարելուց հետո կապահովվի նշված անձանց Ադրբեջանի Հանրապետության սահմաններից հեռացնելը»,- նշվում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում։

Մեկնաբանել