Ե՞րբ են սկսվել Աջափնյակի նոր կայարանի նախագծման «գործուն քայլերը». Ավինյանը մոլորեցնում է

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը օգոստոսի 29-ին Աջափնյակում քարոզարշավ իրականացնելու ժամանակ հայտարարել է, թե մինչև 2023-ը մետրոյի նոր կայարանի կառուցման գործուն քայլեր չեն իրականացվել։

Լրագրողի դիտարկմանը, որ թեև վերջին տարիներին քաղաքային իշխանությունները խոստացել են մետրոյի նոր կայարան կառուցել, սակայն դա այդպես էլ իրականություն չի դարձել, Ավինյանը համաձայնել է։

«2008-ից բոլորը տվել են այդ խոստումը։ […] Ոչ մեկ չի կատարել, որովհետև էդ կատարման ճանապարհը ոչ մեկ չի հասկացել` ինչպիսին է, կարծում եմ։ Եվ կոնկրետ գործուն քայլեր որևէ մեկը չի իրականացրել մետրոյի կայարանի կառուցման համար, մենք առաջին անգամ 2023-ին իրական նախագիծ ենք պատվիրել Աջափնյակի մետրոյի»,- ասել է քաղաքապետի թեկնածուն՝ հավելելով, որ Աջափնյակի մետրոյի նախագիծը պատրաստ կլինի 2023-ի վերջին և կդրվի մրցույթի։

Ավինյանի պնդումը, որ Աջափնյակում մետրոյի նոր կայարանի նախագծման աշխատանքների գործուն քայլեր իրականացվել են 2023-ից սկսած, չի համապատասխանում իրականությանը։

Ե՞րբ է ընտրվել նախագծող ընկերությունը։

Այսպես, Աջափնյակի նոր կայարանի նախագծման աշխատանքներն իրականացնում է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ՍՊԸ-Ն։

Քաղաքապետարանը նոր կայարանի նախագծման մրցույթը հայտարարել էր դեռ 2020-ի հոկտեմբերին։ Ի վերջո հաղթող էր ճանաչվել ռուսական «Մետրոգիպրոտրանս» ՍՊԸ-ն։ Եվ 2021-ի հոկտեմբերի 9-ին Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանը պայմանագիր էր կնքել «Մետրոգիպրոտրանս» ՍՊԸ-ի ներկայացուցչի հետ՝ Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքներ ձեռք բերելու համար։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել էր 1,848 մլրդ դրամ։

2021-ի նոյեմբերին Հայկ Մարությանն ընդունել էր «Մետրոգիպրոտրանս» ՍՊԸ-ի նախագահ Վալերի Աբրամսոնին և հանդիպմանը հայտնել, որ վեց ամսվա ընթացքում պետք է ֆինանսավորվի նախագիծը, որպեսզի աշխատանքներն սկսվեն:

«Ուզում եմ տեղեկացնել, որ մետրոպոլիտենը հանդիսանում է պետական գույք, սա համայնքային գույք չէ, ուստի ֆինանսավորումը պետք է արվի պետական բյուջեից, ոչ թե համայնքի բյուջեից: Մենք բոլորս էլ գիտենք, որ այսօր բավականին լուրջ խնդիրներ կան հանրապետությունում, և ես հուսով եմ, որ այդ խնդիրները հաղթահարելի են, որպեսզի նաև ֆինանսներ գտնվեն մետրոպոլիտենի համար»,- նշել էր Մարությանը։ Հանդիպումը տեղի էր ունեցել 2020-ի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ու «Մետրոգիպրոտրանս» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը

Նոր կայարանի կառուցմանը հաջորդ անդրադարձը եղավ 2022-ի ապրիլի 28-ին, երբ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ սկսում են Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները։

«Վերջերս քրեական մի գործի շրջանակներում Երևան քաղաքին հասցված շուրջ 850 միլիոն դրամ վնասի փոխհատուցում է տեղի ունեցել, և քննարկումների արդյունքում Երևանի քաղաքապետարանի հետ միասին որոշում կայացրեցինք, որ 750 միլիոն դրամը ուղղվի այդ նպատակին», – հայտնել էր Փաշինյանը:

Նիստին նշել էին, որ այդ գումարով հնարավոր կլինի ֆինանսավորել Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքների երեք փուլերից երկուսը։ Չնայած մետրոյի կայարանի կառուցման համար անհրաժեշտ մեծ գումարին՝ Փաշինյանը, այնուամենայնիվ, հայտարարել էր, որ որոշումը կայացված է՝ նոր կայարանը պետք է կառուցվի։

2022-ի մայիսի 24-ին Երևանի ավագանու նիստում որոշում էր ընդունվել Երևանի բյուջեից 554 միլիոն դրամ հատկացնել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագծային աշխատանքների առաջին փուլի համար։

2022-ի հոկտեմբերի 13-ի արդեն կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ Աջափնյակի կայարանի շինարարությունը կմեկնարկի 2024-ին։

«…Նախագծման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, առաջին փուլն ավարտում ենք ու, ըստ նախատեսվածի, 2023-ի վերջում կունենանք պատրաստի նախագիծ և հնարավորություն կունենանք շինարարության մրցույթ հայտարարելու»,-ասել էր Փաշինյանը:

2023-ի մարտի 2-ին կառավարությունը նոր որոշում էր ընդունել պետական բյուջեից 1 մլրդ 100 մլն դրամ հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցման նախագծանախահաշվարկային աշխատանքների համար։

Ինչպես վերևում նշել էինք՝ «Մետրոգիպրոտրանս» ՍՊԸ հետ կնքված պայմանագրի արժեքը 1 մլրդ 848 մլն դրամ է, որից Երևանի քաղաքապետարանն արդեն 545 մլն դրամ վճարել էր, կառավարությունը հատկացրել էր 1.1 մլրդ դրամը: Քաղաքապետարանը հայտնել էր, որ մնացած գումարները հետագայում սեփական միջոցներով կլրացնի:

«Մենք նախագծման առաջին փուլն արդեն անցել ենք «Մետրոգիպրոտրանս» ընկերության հետ, և, նախնական հաշվարկներով, Աջափնյակի կայարանի շինարարությունը տևելու է ընդամենը 48 ամիս, կայարանի ընդհանուր երկարությունը լինելու է շուրջ մեկուկես կմ, և կայարանի շինարարությունը նաև ենթադրում է մետրոկամուրջ»,- կառավարության նիստում հայտնել էր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Այսպիսով, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի պնդումը, թե մինչև 2023 թվականը Աջափնյակի կայարանի կառուցման գործուն քայլեր չեն իրականացվել և միայն այս տարի է «իրական նախագիծ պատվիրվել», չի համապատասխանում իրականությանը։ Նախագիծը իրականացնող ընկերությունն ընտրվել է դեռ 2021-ին, իսկ ֆինանսավորում սկսվել է դեռևս 2022-ի գարնանից։

Հիշեցնենք, որ մետրոյի նոր կայարանի կառուցումը «Իմ քայլը» դաշինքի 2018-ի նախընտրական խոստումներից էր։ «Քաղաքացիական պայմանագրի»՝ 2023-ին ներկայացրած նոր ծրագրում այս անգամ խոստանում են, որ 2024-ին մեկնարկելու է և մինչև 2028թ. ավարտին է հասցվելու Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը, ինչպես նաև 2024-ին մեկնարկելու է և մինչև 2026թ. ավարտին է հասցվելու «Սուրմալու և «Փեթակ» առևտրի կենտրոնների հատվածում նոր կայարանի կառուցումը։ Խոստանում են նաև, որ 2027-ին լինելու է դեպի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան տանող մետրոյի կայարանի կառուցման նախագիծ։

Մեկնաբանել