Ֆրանսիայի նախագահից պահանջելու ենք ՄԱԿ-ում հանդես գալ Արցախի հարցով բանաձևով․ Փարիզի քաղաքապետ

Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, կոչ է արել Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքը։

«Այն, ինչն այսօր տեղի է ունենում Արցախում, նման է ցեղասպանունթյան։ Մենք մեր երկրի նախագահից պահանջում ենք, որ ՄԱԿ-ում հանդես գա նոր բանաձևով՝ ի շահ Արցախի ժողովրդի»,- այսօր՝ օգոստոսի 30-ին, Գորիսում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Փարիզի քաղաքպետը։

Ասուլիսին հեռավար մասնակցում էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Փարիզի քաղաքապետն ուղեկցում է Ֆրանսիայի մայրաքաղաքի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների հատկացրած հումանիտար օգնությամբ բեռնված 10 բեռնատարների շարասյունը, որն օգոստոսի 30-ին Երևանից ուղևորվել է դեպի Լաչինի միջանցքի սկզբնամաս։

***

2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։

Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։

Հուլիսի 26-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ հումանիտար օգնություն է ուղարկում Արցախ։ Նախապես հայտարարվել էր, որ հայկական կողմը բեռը կհասցնի Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահներն այն կտեղափոխեն Արցախ։ Օգնությունը տեղափոխող բեռնատար մեքենաները դեռ կանգնած են հայկական անցակետի մոտ։

Օգոստոսի 16-ին Հայաստանի պահանջով կայացել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ։ Նիստի ընթացքում անդամ երկրներն արտահայտեցին իրենց դիրքորոշումները, բայց դա որևէ փաստաթղթով չարձանագրվեց։

Հայաստանի ԱԳՆ-ն՝ արձագանքելով փաստաթուղթ չընդունվելու վերաբերյալ հարցին, նշել է․ «Ընթացակարգային առումով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ձևաչափը քննարկում է, այն չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի (բանաձևի կամ հայտարարության) ընդունում։ Բացի այդ, ՄԱԿ ԱԽ բանաձևերի նախագծեր ներկայացնելու և քվեարկության դնելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունեն ՄԱԿ ԱԽ 15 (մշտական և ոչ մշտական) անդամները. Հայաստանը, չլինելով ՄԱԿ ԱԽ անդամ, նման իրավասություն չունի»։

Մեկնաբանել