«Հայաստանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու արդյունքում է Լաչինի միջանցքում նման իրավիճակ ստեղծվել»․ Զախարովա

«Պատասխանատվությունը ռուս խաղաղապահների վրա դնելը տեղին չէ, Հայաստանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու արդյունքում է Լաչինի միջանցքում նման իրավիճակ ստեղծվել»։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Լաչինի միջանցքից արցախցի երեք երիտասարդների առևանգման միջադեպը։

«Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու արդյունքում է Լաչինի միջանցքում նման իրավիճակ ստեղծվել։ Դա արձանագրվել է 2022-ի հոկտեմբերին Եվրամիության հովանու ներքո երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթաժողովի արդյունքներով։ Այս համատեքստում պատասխանատվությունը ռուս խաղաղապահների վրա դնելը տեղին չէ։ Խաղաղապահների խնդիրը նոր իրավիճակում, որոնք ձևավորվել են Երևանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու արդյունքում, հետևյալն է՝ բոլոր հնարավոր ջանքերը գործադրել ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար, այդ թվում՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջոցով»,- ասել է Զախարովան։

***

Օգոստոսի 28-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հակարիի անօրինական անցակետով անցնելիս Արցախի երեք բնակիչ՝ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը, Լևոն Գրիգորյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ հաղորդվեց, որ Ադրբեջանը նրանց մեղադրում է իր դրոշը անարգելու մեջ։

Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «հայ ֆուտբոլիստների կողմից Ադրբեջանի Հանրապետության դրոշի նկատմամբ վիրավորական գործողություններ կատարելու փաստի առնչությամբ» […] հարուցվել է քրեական գործ, ապա դադարեցվել է քրեական հետապնդումը՝ «հաշվի է առնվել մեղադրյալների տարիքը, կատարած արարքն անկեղծորեն ընդունելու նրանց զղջումը»։

Երեք երիտասարդների նկատմամբ նշանակել է տասը օրով վարչական կալանք․ «Վարչական ազատազրկման պատիժը կատարելուց հետո կապահովվի նշված անձանց Ադրբեջանի Հանրապետության սահմաններից հեռացնելը»,- նշվում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում։

Մեկնաբանել