«Ժառանգությունն» իր տեսակետներն է ներկայացրել ԵՄ հանձնակատարին

Սեպտեմբերի 27-ին «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը եւ ԱԺ խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հանդիպեցին Հայաստան ժամանած ԵՄ Ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Ողջունելով Ասոցացման, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերի շուրջ ընթացող Հայաստան-ԵՄ բանակցությունները՝ «Ժառանգության» ներկայացուցիչները ուշադրություն հրավիրեցին Հայաստանում քաղաքական ու տնտեսական կյանքի իրական ժողովրդավարացման, մենաշնորհների եւ համակարգային կոռուպցիայի վերացման անհրաժեշտության վրա: 2013թ. նախագահական ընտրություններին ընդառաջ կարեւորվեցին թեկնածուների համար մրցակցային հավասար պայմանների ապահովումը, ընտրական գործընթացի շեշտակի բարելավումը:

«Ժառանգության» գլխավոր քարտուղարը անդրադարձավ 2012թ. մայիսին Բաքվում կայացած EURONEST վեհաժողովին, որտեղ դրսեւորված հանդուրժողականությունը Ադրբեջանի նախագահի հակահայ պահվածքի հանդեպ հնարավոր դարձրեց հետագայում ցմահ դատապարտյալ Ռ. Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին, ինչն ի սկզբանե ուղղված էր տարածաշրջանում լարվածության շիկացմանը: Սաֆարյանը ԵՄ հանձնակատարին կոչ արեց իբրեւ կատարվածի արձագանք խստացնել Բաքվին առաջադրվող պահանջները ԵՄ-Ադրբեջան ասոցացման բանակցություններում եւ հասնել վարչակազմի միջազգային հաշվետվողականության:

Ռ. Սաֆարովի շուրջ կատարվածն անհնար է դարձրել Արցախի` թեկուզ մեկ օր գոյությունը Ադրբեջանի կազմում, նույնիսկ մինչեւ ԼՂ կարգավիճակի վերջնական որոշում. «Ոչ մի հայ գեթ մեկ գիշեր չի կարող քնել Ադրբեջանի սահմաններից ներս, երբ գիշերը քնած հայ սպային կացնահարող ադրբեջանցի մարդասպանը հերոսացվում է Ալիեւի ու նրա վարչախմբի կողմից»,- ընդգծել է Ստյոպա Սաֆարյանը:

ԵՄ հանձնակատարի հետ հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչներ:

Մեկնաբանել