Հակարիի կամրջից առևանգված երեք երիտասարդները ազատ արձակվեցին

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ազատ են արձակվել օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետից առևանգված արցախցի երեք երիտասարդները՝ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը․ լուրը հաստատում են Սյունիքում ՍիվիլՆեթի աղբյուրները։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ևս հաստատեց, որ Ադրբեջանի կողմից առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողները վերադարձվել են։

«Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17:45֊ի սահմաններում, ադրբեջանական կողմը վերադարձրել է օգոստոսի 28֊ին ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվելու ժամանակ առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողներ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին։ Տղաների փոխանցումը հայկական կողմին տեղի է ունեցել ռուս խաղաղապահների մասնակցությամբ Հակարիի կամրջի մոտ։ Նրանք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»,- տեղեկացնում է Ստեփանյանը։

Օգոստոսի 28-ին ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետից առևանգել էր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001-ին:

Նույն օրը՝ ավելի ուշ, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվող 170 անձանցից երեքը չեն հատել Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետը։ Ըստ Ստեփանյանի՝ նրանցից մեկը 2001-ին ծնված Ալեն Սարգսյանն է, որի առևանգման մասին արդեն հայտարարվել է։ Մյուս երկու հոգին՝ Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անօրինական անցակետը, սակայն չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել։

Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր, որ «Լաչինի սահմանային կետում ձերբակալված հայ ֆուտբոլիստների» նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է», երեք երիտասարդների նկատմամբ նշանակվել է տասը օրով վարչական կալանք։

Մեկնաբանել