Ո՞ւմ զենքերից էին մեռնում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում. Արձագանքելով Մարիա Զախարովային

Անի Գրիգորյան, Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան զորավարժություններին, հայկական կողմին մեղադրել է Ուկրաինային զինող պետության հետ համագործակցության մեջ։

Հայ լրագրողը հարց էր ուղղել, թե ինչու է ռուսական կողմը մտահոգություն հայտնում, որ հայ-ամերիկյան զորավարժությունների հետևանքով Կովկասում ակտիվանում է ԱՄՆ-ն, սակայն առավել զուսպ է ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ Թուրքիայի՝ Կովկասում ակտիվության վերաբերյալ։

«Պետք է հիշել և հաշվի առնել մեր երկրի նկատմամբ Վաշինգտոնի թշնամական գիծը։ Դա գործոն է։ Վաշինգտոնը ոչ միայն տեսականորեն ասում է, որ ցանկանում է Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնել, այլև իրականացնում է այն գործնականում։ Դա մեկ։ Զենք է մատակարարում, որից սպանում են մեր քաղաքացիներին։ Դա շատ կարևոր է»,- նշել է Զախարովան։

ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, թե այն հատվածներում, որտեղ օգտագործվում են ամերիկյան զենքերը, ապրում են նաև հայեր։ Նա պնդել է, թե իրենց մտահոգում է յուրաքանչյուր զենք, որ մատակարարվում է, քանի որ դրանք սրում են իրավիճակը։

«Հիշեք, որ այն զենքից, որ ամերիկյան կողմն է մատակարարում, նաև՝ Ֆրանսիան, որը խոսքով շատ է հոգ տանում Հայաստանի և հայ ժողովրդի մասին, սպանում են բոլոր ազգությունների մարդկանց։ […] Կասետային զինամթերք, ականներ, սպառված ուրանի արկեր․․․ ազգության ցուցիչ չունեն, սպանում են բոլորին»,- պատասխանել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ երկարամյա ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այս մեղադրանքները Հայաստանի հասցեին ուշագրավ են Ռուսաստանի կողմից տարիներ շարունակ Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենքերի վաճառքի ֆոնին, որոնցից ևս տարիներ շարունակ սպանվել են հազարավոր հայ զինվորներ, ինչպես նաև խաղաղ բնակիչներ։

Ռուսաստանը՝ Ադրբեջանին ամենաշատ զենք մատակարարած երկիր

Դեռ 2018-ի սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտնել էր, որ Ռուասատանը ադրբեջանական կողմին վաճառել է 5 մլրդ դոլարի զենք։

«Ռուսաստանից Ադրբեջան զենքի մատակարարման արդեն կատարված պայմանագրերը գնահատվում են 5 մլրդ դոլար, և այդ թիվը կշարունակի աճել»,- հայտարարել էր Ալիևը։

Այսպես, ինչպես ցույց են տալիս Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալները, Ռուսաստանը Ադրբեջանին ամնենաշատ զենք մատակարարած պետությունն է։

Ադրբեջանին զենքի մատակարարումները՝ ըստ երկրների։ Տվյալները` SIPRI

SIPRI-ի տվյալները մեծամասամբ հավաքագրվում են բաց աղբյուրներում հասանելի տեղեկությունների հիման վրա։ Տվյալների աղբյուրներ են մամուլի և ռազմական ոլորտի մասնագիտացած պարբերականների հրապարակումները, պաշտոնական հաղորդագրությունները, զեկույցները, ՄԱԿ-ի սպառազինության ռեգիստրը և այլն։

SIPRI-ին դեռ տարիներ առաջ արձանագրել էր, որ 2009-2013 թթ. Ռուսաստանին է բաժին ընկել Ադրբեջանի ռազմական գնումների 80 տոկոսը։ Ռուսաստանից Ադրբեջանին զենքի մատակարարումը, SIPRI-ում առկա տվյալներով, մեծ ծավալով շարունակվել է մինչև 2018-ը։

Վերջին տարիներին Ադրբեջանն առավել բազմազանեցրել է զենքի ձեռքբերումը՝ ավելի շատ սպառազինություն գնելով նաև Թուրքիայից, Իսրայելից և Բելառուսից։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020-ի հոկտեմբերի 24-ին ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում հայտնել էր, որ Ադրբեջանին ռազմական տեխնիկայի ամենամեծ մատակարարը Ռուսաստանն է։

Ինչ զենք է մատակարարել Ռուսաստանն Ադրբեջանին

Ռուսաստանի՝ Ադրբեջանին մատակարարած զենքերի շարքում կան ինչպես պաշտպանական զենքեր, այնպես էլ մեծաթիվ հարձակողական զենքեր։

Ըստ բաց աղբյուրներում առկա տվյալների՝ Ռուսաստանն Ադրբեջանին է վաճառել հարյուրավոր տանկեր, այդ թվում՝ Т90C, հարյուրավոր БТР80, БТР82A զրահափոխադրիչներ և БМП-3 հետևակի մարտական մեքենաններ։

Մատակարարված զենքի ցանկում են նաև հակաօդային պաշտպանության С-300 համակարգեր, Мста-С ինքնագնաց հաուբիցներ, Вена ինքնագնաց ականանետեր, Смерч և ТОС-1 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, БУК և Игла ՀՕՊ համակարգեր, МИ-8 և МИ-17, МИ-35М ուղղաթիռներ, Хризантема հակատանկային ինքնագնաց կայանքներ։

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մատակարարված զենքը։ Տվյալները` SIPRI-ի

Այս զենքերն օգտագործվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումներում։

«Ուղղակի բիզնես»

Հայաստանն վերջին տասնամյակներում բարձրաձայնել է իր դաշնակցի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի խնդրահարույց լինելու մասին։

Դեռևս 2013-ին հայ լրագրողները Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային հարց էին ուղղել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մոտ 1 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա վաճառելու վերաբերյալ։ Բորդյուժան պատասխանել էրլ որ դա «պարզապես բիզնես է», և սա «Մոսկվայի գործն է»։

2016-ի օգոստոսին թեմային անդրադարձել էր Վլադիմիր Պուտինը՝ Հայաստանի այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Ադրբեջանին զենք վաճառելու մասին լրագրողների հարցին նա պատասխանել էր. «Սպառազինությունների ժամանակակից շուկայում ցանկացած երկիր կարող է գործնականում ձեռք բերել գրեթե ցանկացած զենք: Օրինակ՝ այնպիսի երկիր, ինչպիսին է Ադրբեջանը՝ նավթ արտահանող երկիր, գրեթե 10 միլիոն բնակչությամբ, արագ աճող տնտեսությամբ և բավականին մեծ արժույթի և ոսկու պաշարներ ունեցող երկիր, իհարկե, ի վիճակի է գնել սպառազինություն ամենուրեք, հասկանու՞մ եք՝ ամենուրեք»:

Ադրբեջանի ռազմական օգնությունը Ուկրաինային

Զախարովան հայտարարում է, որ Ուկրաինային աջակցող ու զենք տրամադրող ԱՄՆ- գործողությունների հետևանքով մարդիկ են զոհվում, այդ թվում՝ հայեր։

Մինչդեռ Ուկրաինային զինողների շարքում են ոչ միայն ԱՄՆ կամ Ֆրանսիան, այլև Ադրբեջանն ու Թուքիան, որոնց մասով ռուսական կողմը սուր քննադատություններով հանդես չի գալիս։

Ռուսաստանի կողմից 2022-ի փետրվարին Ուկրաինա ներխուժումից ի վեր Ադրբեջանը ցուցաբերում է Ուկրաինային, թե՛ դիվանագիտական, թե՛ հումանիտար աջակցություն։ Համաձայն հասանելի պաշտոնական տվյալների՝ 2022-ին Ադրբեջանը Ուկրաինային է փոխանցել առնվազն 17,6 մլն դոլարի օգնություն և 200 տոննա վառելիք, իսկ 2023-ի հուլիսին միայն էլեկտրասարքավորումների փոխանցման համար 7,6 մլն դոլար հատկացրել։

Սակայն, համաձայն համացանց տարբեր աղբյուրներից արտահոսած տվյալների՝ Ադրբեջանը Ուկրաինային տրամադրում է նաև ռազմական օգնություն։

Ակականանետեր և ականներ

Այսպես, 2022-ի հունիսին 17-ին Ուկրաինայի ՊՆ «ԱրմիԻնֆորմ» լրատվական գործակալության հրապարակած ռեպորտաժից հայտնի էր դարձել , որ Ուկրաինայի զինված ուժերը օգտագործում են ադրբեջանական արտադրության «20N5» մոդելի 82մմ ականանետեր։

Լուսանկարներում երևացող արտադրական նշումները փաստում են, որ ադրբեջանական 82մմ ականանետերը և համապատասխան ականները արտադրվել են 2021 թվականին։ Ադրբեջանից դեպի երրորդ երկրներ այս ականանետերի արտահանման մասին հայտնի չէ։

Բացի այդ, մի շարք աղբյուրներից հայտնի է, որ Ուկրաինան կիրառում է նաև ադրբեջանական արտադրության «40M11» մոդելի 120մմ ականանետային ականներ, որոնք արտադրվել են արդեն 2022-ին։ Այս երկու դեպքերում էլ հայտնի չէ, թե երբ և ինչ ճանապարհով են ականանետն ու ականները մատակարարվել Ուկրաինային։

Գերճշգրիտ ավիառումբեր

2022-ի հուլիսին համացանց արտահոսեցին փաստաթղթեր, ըստ որոնց՝ 2022-ի ապրիլին Ադրբեջանի ՊՆ-ն Ուկրաինային մատակարարել է ադրբեջանա-թուրքական արտադրության գերճշգրիտ ավիառումբեր։

Թեև փաստաթղթում ռումբերի մոդելը նշվում է որպես «BK-3», սակայն մի քանի ռուսական թելեգրամյան ալիքներ պնդում են, որ խոսքը QFAB-250 LG լազերային գերճշգրիտ կառավարվող ռումբի մասին է, որը ևս նույնքան ծանրություն ունի։

Փաստաթղթի տակ դրված է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության պաշտոնյա Ֆալահ Ֆահրադդինի Գուլիևի ստորագրությունը.

Այս փաստաթղթերի հավաստիցությունը ստուգելի չէ, իսկ ռուս-ուկրաինական ճակատում այս ռումբերի կիրառման փաստեր մինչ օրս չկան, սակայն փաստաթղթերում նշված երթուղով չվերթներ իրոք եղել են, որոնց մասին ավելին վաղ մանրամասն հայտնել էինք։

ՄԻԳ-29 կործանիչներ

Մինչ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը, Ադրբեջանն Ուկրաինա է ուղարկել ՄԻԳ-29 տեսակի կործանիչներ, որոնց մասին հայտնի էր դարձել 2022-ի հունվարին, երբ համացանցում հայտնվել էին լուսանկարներ, որտեղ երևում էին երեք ադրբեջանական կործանիչներ՝ կայանված Լվովի պետական ​​ավիացիոն վերանորոգման գործարանում։

Ենթադրվում էր, որ Ուկրաինայի կողմից ինքնաթիռները վերանորոգվում են Ադրբեջանի համար։ Ավելի ուշ երկու տարբեր աղբյուրներ հայտնեցին, որ պատերազմի մեկնարկից հետո ինքաթիռները Ադրբեջանը նվիրաբերել է Ուկրաինային՝ դրանք վերանորոգվել, ներկվել և կիրառվում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերում։

@CaucasusWarReport-ի պնդմամբ՝ պատկերում ՄԻԳ-29-երն են ներկվելուց առաջ և հետո․

2022-ի մարտին գործարանը ենթարկվել էր հրթիռային հարվածների, որից հետո մինչ օրս Կիևը և Բաքուն չեն մեկնաբանում ադրբեջանական ՄիԳ-29 կործանիչների ճակատագիրը։

Թուրքիա

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա SIPRI-ում առկա տվյալների համաձայն՝ Թուքիան Ուկրաինային վերջին տարիներին մատակարարել է շուրջ 80 հատ «Բայրաքթար ՏԲ2» անօդաչու թռչոք սարքեր, որոնք լայնորեն կիրառվում են ռուս-ուկրաինական պատերազմում, ինչպես նաև «Կիրպի» զրահամեքենաներ։

Թուրքիայի կողմից Ուկրաինային մատակարարված զենքերը: Տվյալները՝ SIPRI

Բացի այդ, հայտնի է Թուրքիայի կողմից Bayraktar Mini ԱԹՍ-ների, TRLG-230 հրթիռային համակարգերի, Cobra IIs, զրահամեքենաների, ականանետերի, նռնականետերի, խոշորատրամաչափ գնդացիրների, հրետանային արկերի և այլ սպառազինություններ։

Մեկնաբանել