ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի նախկին դատախազի նկատմամբ 

Օթար Պարցխալաձեն։ Լուսանկարը՝ marshallpress-ի։

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեն, որը մեղադրվում էր բռնության և շորթման ներգրավվածության մեջ, հայտնվել է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված անձանց նոր ցուցակում:

Հինգշաբթի ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարեց՝ 2013-ին մեկուկես ամիս գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրած Պարցխալաձեն, որը հայտնի է որպես «վրացի ռուս օլիգարխ», ենթարկվել է պատժամիջոցների՝ Ռուսաստանի տնտեսության «կառավարման խորհրդատվական հատվածում աշխատելու կամ գործունեություն վարելու համար», և Վրաստանի վրա Ռուսաստանի «վնասակար ազդեցության» առնչությամբ։

ԱՄՆ Պետդեպարտամենտը և Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ են կիրառել 150 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 14-ին նշել է, որ պատժամիջոցները ուղղված են դրանցից խուսափելող, «Ուկրաինայի դեմ մղվող պատերազմում Ռուսաստանի կարողությունների զարգացմանը մեղսակից» անձանց և կազմակերպություններին, և Ռուսաստանի էներգետիկ արտադրությանը նպաստողներին։

Բլինքենը Պարցխալաձեին նկարագրել է որպես «վրացի ռուս օլիգարխ, որին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունն (ԱԴԾ) օգտագործել է ի շահ Ռուսաստանի՝ ազդելու Վրաստանի հասարակության և քաղաքականության վրա»: Պարցխալաձեն պատժամիջոցների ցուցակում նշվում է ՌԴ «Անվտանգության դաշնային ծառայության սպա», որը կապեր ունի Ալեքսանդր Օնիշչենկոյի հետ։

«ԱԴԾ սպա [Օնիշչենկոն] հավանաբար օգնել է իր գործընկերոջը [Պարցխալաձեին] ռուսական անձնագիր և, հնարավոր է, Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հարցում։ [Պարցխալաձեն] ամբողջությամբ ռուսական ինքնություն է ձեռք բերել և կանոնավոր մեկնում է Ռուսաստան»,- ասվում է հայտարարության մեջ։

«[Օնիշչենկոն] և ԱԴԾ-ն օգտագործել են [Պարցխալաձեին] որպես լծակ ազդելու Վրաստանի հասարակության և քաղաքականության վրա՝ ի շահ Ռուսաստանի։ Հաղորդվում է, որ [Պարցխալաձեն] անձամբ շահել է իր և ԱԴԾ-ի կապից»: Pirveli հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Պարցխալաձեն Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 2021-ին։

«Ակտիվ աշխատել է Ռուսաստանի հետ հարաբերությունների ուղղությամբ»

Հայտարարությունից հետո և՛ ԱՄՆ-ի, և՛ Վրաստանի պաշտոնյաները նշել են, որ այդ քայլը որևէ ազդեցություն չի ունենա ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների վրա: ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլերը հինգշաբթի ասել է, որ Վաշինգտոնի և Թբիլիսիի հարաբերությունները չեն տուժի Պարցխալաձեի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներից։ Սա երկրորդ անգամ է, երբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Վրաստանի քաղաքացիների նկատմամբ։

«Վերջին երեսուն տարիների ընթացքում մենք դարձել ենք ռազմավարական գործընկերներ, որոնք իրար հետ աշխատում են Վրաստանի՝ որպես եվրաատլանտյան ընտանիքի լիարժեք ինտեգրված անդամի համատեղ տեսլականի ուղղությամբ, և ոչ մի առանձին պատժամիջոց չի փոխի մեր տեսլականը կամ այդ հարաբերությունները»,- ասել է Միլերը:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հինգշաբթի հայտարարել է, որ Օթար Պարցխալաձեն որևէ կապ չունի Վրաստանի պետական կառույցների հետ, քանի որ «վերջին տասը տարիներին նա մասնավոր անձ է եղել»։

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին ուրբաթ հայտարարել է, որ «ոչ մի պետություն չի կարող պատասխանատվություն կրել կոնկրետ անձի իրականացրած այս կամ այն գործողության համար»։ Այնուամենայնիվ, Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունն ուրբաթ հայտարարեց, որ սկսել է հետաքննել ԱՄՆ Պետդեպարտամենտի մեղադրանքները Պարցխալաձեի դեմ։

Ըստ «Եվրոօպտիմիստներ» միջկուսակցական ընդդիմադիր խմբի ներկայացուցիչ Խաթիա Դեկանոիձեի՝ ինքը չի ակնկալում, որ Պարցխալաձեն իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից որևէ պատժի կենթարկվի։ Նա մատնանշում է իշխող կուսակցության միլիարդատեր հիմնադիր և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլի հետ նրա «անմիջական կապը»։

Ռուսաստանի Պետդումայի Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը ուրբաթ վրացական անկախ Formula հեռուստատեսությանն ասել է, որ Պարցխալաձեն ներգրավված է եղել Ռուսաստանի և Վրաստանի միջև թռիչքների վերսկսման և Ռուսաստան այցելող վրացիների համար մուտքի արտոնագրի չեղարկման մեջ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը չեղարկել է մայիսի 10-ին։

«Ես ճանաչում եմ Պարցխալաձեին, նա ակտիվ աշխատում է Ռուսաստանի հետ հումանիտար, տնտեսական և այլ հարաբերությունների ուղղությամբ։ Ես անձամբ եմ նրան հրավիրել իմ միջոցառմանը, երբ փորձում էինք Ռուսաստանի հետ ուղիղ թռիչքները [վերսկսել] և չեղարկել այցագրային ռեժիմը։ Նա, ինչպես և այլ վրացիներ, ներգրավված է եղել այդ գործընթացում»,- ասել է Կալաշնիկովը։

Ծեծկռտուք, սկանդալ և շորթում

Պարցխալաձեն Վրաստանի գլխավոր դատախազ է դարձել 2013-ի նոյեմբերին, սակայն 47 օր անց հրաժարական տվել։ Նրա հրաժարականից կարճ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ Պարցխալաձեն 2000-ականներին Գերմանիայում հանցագործության համար դատապարտվել է։ Թեև ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» պնդում էր, որ Պարցխալաձեն դատապարտվել է գողության համար, հրաժարականից մի քանի օր առաջ ինքը՝ Պարցխալաձեն, հայտարարեց, որ դատապարտվել է ոստիկանությանը դիմադրելու համար։

2018-ին Վրաստանի դատախազությունը Պարցխալաձեին մեղադրանք է առաջադրել այն ժամանակ գլխավոր աուդիտոր Լաշա Թորդիայի հետ գիշերային ակումբում 2017-ին տեղի ունեցած ծեծկռտուքի համար: Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղադրող կողմի պահանջով Պարցխալաձեին տուգանեց 1900 դոլարով, իսկ 2021-ի փետրվարին դատարանն արդարացրեց նախկին գլխավոր դատախազին:

Ավելի ուշ Պարցխալաձեն կրկին քննադատության ենթարկվեց «Օմեգա» ձայներիզների սկանդալում իր առերևույթ առնչության համար։ Ըստ այդ ձայնագրությունների՝ մի շարք պաշտոնյաներ առերևույթ ներգրավված են եղել իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի անունից գումար շորթելու մեջ:

2018-ի սեպտեմբերի 30-ին Rustavi 2 հեռուստատեսությանը տված հարցազրույցում Զազա Օկուաշվիլին, որի Omega Group-ին են պատկանում ծխախոտային ընկերություն, ավտոմեքենաների վաճառքի կետ և Iberia հեռուստաընկերությունը, Իվանիշվիլիին մեղադրեց իրենից գումար և ավտոմեքենաներ շորթելու փորձի մեջ: Օկուաշվիլին պնդեց, որ Իվանիշվիլին ռեկետի իրագործումը «պատվիրակել էր» Օթար Պարցխալաձեին։

Այն ժամանակ ընդդիմադիր Rustavi 2 հեռուստաալիքը և Օկուաշվիլին պնդում էին, որ Պարցխալաձեն շորթման ընթացքում ունեցած տարաձայնությունների պատճառով առևանգել և ծեծի է ենթարկել սպորտի նախկին նախարար Լևան Կիպիանիին, որը, նրանց կարծիքով, նույնպես ներգրավված է փող շորթելու մեջ:

2022-ի սեպտեմբերին Ուկրաինան Պարցխալաձեին ավելացրեց 15 վրացիների ցուցակում, որոնք պատժամիջոցների են ենթարկվել Ռուսաստանի հետ ենթադրյալ կապերի և Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի համար։ «Պատերազմ և պատժամիջոցներ» կայքը նշում է, որ Պարցխալաձեն «Բիձինա Իվանիշվիլիի կողմից օլիգարխիկ կառավարման և իշխանության զավթման մասնակիցներից մեկն է»։

Բիձինա Իվանիշվիլին, որին, չնայած 2021-ին քաղաքականությունից պաշտոնապես հեռանալուն, հաճախ մեղադրում են Վրաստանում իշխանությունը պահպանելու մեջ, 2016-ին հայտարարել էր, որ իր որդին՝ Բերա Իվանիշվիլին, Պարցխալաձեի թոռան կնքահայրն է։

Մեկնաբանել