ԼՂ-ի հայաթափումն ի ցույց դրեց միջազգային համակարգի մեծ բացերը․ Միրզոյան

Լեռնային Ղարաբաղի հայաթափումն ի ցույց դրեց միջազգային համակարգի մեծ բացերը։ Այդ մասին հոկտեմբերի 18-ին Երևանում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետևանքով՝ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափվեց՝ հերթական անգամ ի ցույց դնելով նման իրավիճակների կանխարգելման հարցում միջազգային համակարգի մեծ բացերը: Միաժամանակ, դա ի ցույց դրեց տարածաշրջանում ուժի կիրառման գործելակերպի ուղղակի կամ անուղղակի խրախուսման վտանգավորությունն ու դրա զսպման հրամայականը»,- ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ այժմ Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար հայերի առաջնահերթ կարիքներին արձագանքելու համար․ «Այս ուղղությամբ մենք համագործակցում ենք նաև միջազգային գործընկերների հետ»։

«Հավատարիմ լինելով Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման օրակարգին՝ մենք ընդգծում ենք տարածաշրջանի երկրների կողմից գործուն, հստակ քայլեր անելու անհրաժեշտությունը։ Այդ նպատակով, բազմիցս ենք շեշտել Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության՝ առանց երկիմաստությունների և կամայական մեկնաբանությունների փոխադարձ ճանաչումը, երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին ամենաթարմ քարտեզների վրա, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումը՝ ինքնիշխանության և ազգային իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով»,- նշել է նա։

Միրզոյանը նաև հայտնել է, որ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել Բաքվում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցին։

Մեկնաբանել