Ադրբեջանցի ակտիվիստը ազատազրկվել է Ալիևին առցանց քննադատելու համար

Իսմի Աղաև, OC Media

Ադրբեջանցի ակտիվիստ Մոհյեդին Օրուջովը դատապարտվել է 30-օրյա վարչական կալանքի՝ սոցցանցերում նախագահ Իլհամ Ալիևին քննադատող գրառման համար։

Օրուջովի եղբայրը՝ Նիզամի Օրուջովը, OC Media-ին ասել է, որ իր եղբայրը դատապարտվել է հոկտեմբերի 19-ին՝ կալանավորումից մեկ օր անց։ Օրուջովին մեղադրանք է առաջադրվել մանր խուլիգանության և ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար։

Ակտիվիստի եղբայրը նաև պնդել է, որ Օրուջովին հետապնդել և ծեծել են ոստիկանական բաժանմունքում, որտեղ նրան տարել էին։

Նիզամի Օրուջովը հայտարարել է, որ իր եղբորը ոստիկանություն են հրավիրել սոցիալական ցանցերում մեկնաբանություն գրելուց հետո։

«Ոստիկանությունն ասել է, որ նրան կանչել են բաժանմունք, քանի որ քննադատել է նախագահ Իլհամ Ալիևին,- ասաց Օրուջովը։- Ասել են՝ դատարան կբերեն, բայց դեռ տեղեկություն չկա»։

MeydanTV-ն կապ է հաստատել Սուրախանիի շրջանային դատարանի հետ, որը հաստատել է, որ ակտիվիստին ձերբակալելու օրդեր է տրվել միայն հոկտեմբերի 19-ին, և որ նա կալանավորվել է մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով:

Վերջին մեկ ամսվա ընթացքում քաղաքական շուրջ քսան գործիչ և հասարակական ակտիվիստ վարչական կարգով ձերբակալվել են ոստիկանության հրահանգներին չենթարկվելու մեղադրանքով։ Ձերբակալվածներից շատերը հայտարարել են, որ ձերբակալվել են կառավարության և նախագահ Ալիևի հասցեին քննադատական գրառումներ անելու համար։

Մեկնաբանել