Երևանում անշարժ գույքի առքուվաճառքը շարունակում է նվազել, իսկ գները՝ աճել

Երևանում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներն այս տարվա երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են մոտ 16 տոկոսով։ Այդ մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակած եռամսյակային հաշվետվությունից։

Այս տարվա երրորդ եռամսյակում Երևանում իրականացվել է 3 477 առքուվաճառքի գործարք, այնինչ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրականացվել էր 4 134-ը։ Առքուվաճառքի գործարքները նվազել են Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում՝ բացառությամբ Աջափնյակի, Քանաքեռ-Զեյթունի և Նուբարաշենի։ Երևանում առքուվաճառքի գործարքների նվազման միտումը արտացոլված էր նաև այս տարվա կիսամյակային տվյալներում։ Առաջին կիսամյակում Երևանում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները նվազել էին 35 տոկոսով։

Չնայած Երևանում բնակարանների նկատմամբ հետաքրքրության անկմանը՝ բնակարանների գները շարունակում են աճել։ Ըստ կադաստրի հաշվետվության՝ Կենտրոնում բնակարանի 1 քմ-ի միջին գինը նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ աճել է 13,2 տոկոսով

Արաբկիրում աճել է 12,1 տոկոսով

Քանաքեռ-Զեյթունում աճել է 4,6 տոկոսով

Նոր-Նորքում աճել է 10,4 տոկոսով

Էրեբունիում աճել է 10,2 տոկոս

Շենգավիթում աճել է 8,1 տոկոսով

Դավթաշենում աճել է 10,6 տոկոսով

Աջափնյակում աճել է 4,7 տոկոսով

Մալաթիա-Սեբաստիայում աճել է 8,6 տոկոսով

Ավանում աճել է 8,7 տոկոսով

Նուբարաշենում աճել է 5,3 տոկոսով

2022-ի երրորդ եռամսյակի համեմատ միջինում Երևանում բնակարանների 1 քառակուսի մետրի գինն աճել է 9,4 տոկոսով։

Ընդհանուր առմամբ, հանրապետությունում առքուվաճառքի գործարքներն այս տարվա երրորդ եռամսյակում նվազել են 3,1 տոկոսով։ Ամենամեծ անկումները գրանցվել են Երևանում, Լոռիում, Սյունիքում։

Հանրապետությունում մոտ 1 տոկոսով նվազել է հողերի առքուվաճառքը։ Հարկ է ընդգծել, որ հողերի առքուվաճառքի գործարքները նվազել են Լոռիում՝ 50 տոկոսով, Վայոց ձորում՝ 19 տոկոսով, Արմավիրում՝ 11 տոկոսով։ Փոխարենը Երևանում հողերի առքուվաճառքն աճել է 16,5 տոկոսով, Կոտայքում՝ 17,7 տոկոսով, Սյունիքում՝ 18 տոկոսով։ Երևանում հիմնականում գնվել ու վաճառվել են հասարակական ու բնակելի կառուցապատման հողեր։ Մարզերում գերակշռում են գյուղատնտեսական նշանակության հողերի առքուվաճառքի գործարքները։

Չնայած երկրում առքուվաճառքի գործարքների նվազմանը, աճ է գրանցվել վարձակալության գործարքներում։ Ըստ կադաստրի կոմիտեի՝ հանրապետությունում վարձակալության գործարքներն աճել են 1,7 տոկոսով։

Վարձակալության ամենաշատ գործարքներն իրականացվել են Արագածոտնում, Գեղարքունիքում, Արմավիրում ու Երևանում։ Հատկանշական է, որ վարձակալության կառուցվածքում բնակարանների վարձակալությունը նվազել է 55,6 տոկոսով, իսկ անհատական բնակելի տների վարձակալությունը՝ 44 տոկոսով։ Փոխարենը աճել են հասարակական նշանակության շինությունների, գյուղատնտեսական հողերի, ավտոտնակների վարձակալության գործարքները։

Երևանում բնակարանների վարձակալության գործարքները նվազել են 44 տոկոսով, անհատական բնակելի տների վարձակալությունները՝ 32 տոկոսով։ Մարզերում բնակարանների վարձակալության գործարքները նվազել են 66 տոկոսով, անհատական բնակելի տներինը՝ 53 տոկոսով։

Երևանում անշարժ գույքի շուկայում անկումների ցուցիչներից է նաև հիփոթեքային գրավադրման նվազումը։ Բնակարանի ձեռքբերման համար բանկից ներգրաված վարկի ապահովման միջոց որպես կանոն հանդիսանում է այն գույքը, որը ձեռք է բերվում։ Երևանում հիփոթեքային գրավադրման գործարքները նվազել են ավելի քան 26 տոկոսով՝ նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ։

Մեկնաբանել