Ռազմի դաշտում տղամարդիկ մեռնում են մեկ անգամ, կանայք՝ ամեն վայրկյան

Մենք անընդհատ բախվում ենք բռնության շարունակությանը՝ աննկարագրելի ցավ, անելության զգացում և կորուստներ, կորուստներ, կորուստներ…

Պատերազմների անվերջանալի շարանում հերթական ոճրագործությունը, որը պայթեց արցախահայության գլխին, սեպտեմբերի 19-ի լայնածավալ հարձակումն էր: Այդ հարվածին առաջին անգամ Արցախը պետք է դիմակայեր լիովին մենակ:

Չեմ կարող բառերի վերածել ապրումներս, որոնք ունեցել եմ իմ ամբողջ գիտակցական կյանքում՝ ավելի քան երեսուն տարում: Ես տեսել եմ այս պատերազմի կանացի դեմքը՝ մայրեր, որոնք կորցրեցին իրենց որդիներին, կանայք, որոնք այրիացան, հարսներ, որոնք մայրացան այն ժամանակ, երբ երեխայի հայրն արդեն զոհվել էր:

Ընկերներիցս մեկն ասում էր՝ եթե ռազմի դաշտում տղամարդիկ մեռնում են մեկ անգամ, ապա կանայք՝ ամեն վայրկյան:

Ինչ հույզերով էին սպասում նկուղներում պատսպարված, երեխաներին գրկած, ամեն վայրկյան վատ լուրի պատրաստ կանայք:

Ռազմական ցանկացած բախում ոճրագործություն է մարդկության դեմ և այն ճանապարհը, որն անցնում ենք որպես հասարակություն, հեռու է քաղաքակիրթ կոչվելուց: Պատերազմը դարձել է մեր առօրյան, կարծես ժամանակն էլ է կանգ առել․ ես նույն ապրումներն ունեմ, ինչ 35 տարի առաջ, միայն նայում եմ երեխաներիս ու հասկանում, որ ժամանակն անցել է, իսկ պատերազմը՝ ոչ:

Քանի՞ երեխա ծնվեց նկուղներում՝ ռմբակոծության տակ, այս անգամ՝ ևս:

Կանայք՝ բազմաթիվ զրկանքներից, սովից ու հոգեկան տառապանքներից նվաղած կանայք, լքեցին իրենց տները՝ նորից հուղարկավորելով մարտի դաշտում զոհված տղամարդկանց կամ մտածելով, թե ինչպես նրանց մարմինները տեղափոխել Հայաստան, որ չմնան այնտեղ, ուր վերադարձ չկա: Կանայք մտածում են, թե ինչպես հողին հանձնել իրենց հայրերի, որդիների, եղբայրների ու ամուսինների մասունքները, ու էլի յուրաքանչյուր մտքից մեռնում…

***

44-օրյա պատերազմի ժամանակ 35-ամյա Քրիստինան կորցրեց իր որդուն, 1990-ականներին հայրն էր զոհվել, հիմա Հայաստանի մի անկյունում կուչ եկած՝ մտածում է, թե ինչպես տեղափոխի որդուն Եռաբլուր, որ գոնե լաց լինելու տեղ ունենա…

Քանի՞ պատերազմ վերապրեցինք, որերո՞րդն է ու արդյոք վերջի՞նը:

1991-1994 թվականների պատերազմն ավարտվեց զինադադարով, որի կնքման պահին Արցախի վերահսկողության տակ էր անցել ԼՂԻՄ-ի հարակից յոթ շրջան։

Երկրորդ պատերազմը սկսվեց 2016 թվականի ապրիլի 1-ին և ավարտվեց չորս օր անց՝ հրադադարով։

Արցախյան երրորդ պատերազմը սկսվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և տևեց 44 օր ու ավարտվեց նոյեմբերի 10-ին կնքված հայտարարությամբ: Արցախը կորցրեց իր վերահսկողության տակ եղած յոթ շրջանները, ինչպես նաև բուն ԼՂԻՄ-ի կազմում գտնվող Հադրութի և Շուշիի շրջանները։

Արցախյան չորրորդ պատերազմը սկսվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ու ավարտվեց հարյուր հազարավոր հայերի տեղահանությամբ:

Արցախյան գոյամարտի ամբողջ ընթացքում ունեցանք գրեթե 15 հազար զոհ , որոնց սևազգեստ մայրերը, այրիացած կանայք շարունակում են կրել պատերազմի բեռը:

Ամեն անգամ տղամարդկանց կորստի ցավի հետ կյանքի իմաստը միայն երեխաներով արդարացնելով՝ կանայք ապրել են, միայնակ մեծացրել իրենց երեխաներին, հետո էլի պատերազմ՝ նորից կորուստներ, արդեն չդադարող պատերազմի ժամանակ մեծացած տղաներ:

Կանայք, որոնք զրկված են որևէ կերպ մասնակից լինելուց իրենց կյանքի վերաբերյալ որոշումներին, կրում են բռնության մշակույթի ամենաքայքայիչ ազդեցությունն իրենց մարմնի, մտքի ու հոգու վրա, դարձյալ դիմակայում են՝ սպասոմով ու հոյսով, որ մի օր այս խելահեղությունը կդադարի:

Մեկնաբանել