«Որոշ մարդկանց մոտ պակասում է քաղաքական կամքը»․ Զախարովան՝ ապաշրջափակման մասին

Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը համահունչ է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը։ Այդ մասին նոյեմբերի 9-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայատարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կարևոր է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասի տրանսպորտային և լոգիստիկ ներուժի զարգացման գործում։

Զախարովան հիշեցրել է, որ տարածաշրջանի ապաշրջափակման հարցով զբաղվող փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբը 12 նիստ է անցկացրել․ «Մեծ աշխատանք է կատարվել, հաջողվել է մոտենալ փաթեթային լուծմանը, որը ձեռնտու է բոլորին։ Ցավոք, աշխատանքն ավարտին հասցնել չհաջողվեց, քանի որ որոշ մարդկանց մոտ պակասում է քաղաքական կամքը դա անելու համար, և դա մենք չենք»։

Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում միջազգային կոմունիկացիաների անվտանգությունը վերահսկելու նպատակով ստորաբաժանում ստեղծելու մասին կառավարության որոշմանը, Զախարովան նշել է․ «Վերոհիշյալ եռակողմ պայմանավորվածությունների համաձայն՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը նախատեսված է, որ պետք է իրականացնեն Ռուսաստանի անվանգության դաշնային ծառայության սահմանապահները»։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ տարածաշրջանի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 2-ին Մոսկվայում։ Նիստից հետո ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես, ձեռք էր բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման շուրջ։

Մեկնաբանել