Ռուսաստանը խմբագրում է դասագիրքը, ստալինյան տեղահանությունների զոհերին կոչում «նացիստների գործակիցներ»

Ռուսաց պատմության նոր դասագիրքը վեճի առարկա է դարձել առ այն, թե ինչպես են անվանում ստալինյան տեղահանությունների զոհերին: Լուսանկարը՝ Dron-ի։

Լուիզա Մչեդլիշվիլի, OC Media

Ռուսաստանի կրթության նախարարությունը փոփոխություններ է կատարել պատմության դասագրքում, որում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրենց տներից արտաքսված Հյուսիսային Կովկասի ազգերն անվանվում էին «նացիստների հետ համագործակցողներ»:

Դասագիրքը հակասություններ է առաջացրել Հյուսիսային Կովկասում, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մի քանի ազգեր զանգվածաբար արտաքսվել են Սիբիր և Կենտրոնական Ասիա՝ ԽՍՀՄ ներխուժած նացիստական Գերմանիայի հետ ենթադրաբար համագործակցելու համար:

Դրանց թվում էին կարաչայները, բալկարները, ինգուշները և չեչենները Հյուսիսային Կովկասում, և Ղրիմի թաթարներն ու կալմիկները, որոնց ողջ բնակչությունը տեղահանվել է այդ ժամանակ։ Տեղահանությունների հետևանքով այդ ազգերի բնակչության զգալի մասը մահացել է, իսկ չեչենների և ինգուշների տեղահանությունը Եվրախորհրդարանը ճանաչել է որպես ցեղասպանության ակտ:

Թեև 10-րդ դասարանի պատմության դասագրքում նշվում է, որ տեղահանված ազգերն արտաքսման միջոցով ենթարկվել են կոլեկտիվ պատժի, տեղահանություններին նվիրված գլխում ասվում է, որ «բռնադատվել են ոչ միայն ավազակները և կոլլաբորացիոնիստները, այլև շատ անմեղ մարդիկ: Վերաբնակներն ստիպված էին անցնել բազմաթիվ զրկանքների ու դժվարությունների միջով։ Նրանց նկատմամբ արդարությունը վերականգնվեց 1953-ից հետո»։

Խորհրդային իշխանությունները չեչեններին և ինգուշներին նստեցնում են անասունների համար նախատեսված վագոններ, որպեսզի տեղահանեն։ Լուսանկարը հավանաբար արվել է 1944-ի փետրվարին և վերցված է Վիքիպեդիայից:

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը բացահայտ քննադատել է դասագիրքը՝ Չեչնիայում շրջանառությունից հանելով բոլոր այդ դասագրքերը և ՌԴ կրթության նախարարության հետ դասագրքի վերոնշյալ գլխում արված փոփոխությունների շուրջ քննարկումներ է անցկացրել:

Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը նույնպես դեմ է արտահայտվել նոր դասագրքերին՝ հայտարարելով, որ տեղահանված ազգերը մեծ ներդրում են ունեցել գերմանական ներխուժմանը դիմակայելու գործում:

«Բարեբախտաբար, մեր երկրում անընդունելի է ժողովուրդներին վիրավորելը։ Առավելևս ժողովուրդներին, որոնց ներկայացուցիչներն անգնահատելի ներդրում են ունեցել պետականության ամրապնդման և հայրենիքի շահերի պաշտպանության գործում»,- Telegram-ում գրել է Դաուդովը։

Նա նաև նշել է, որ Խորհրդային Միության կողմից արտաքսված ազգերի ներկայացուցիչները ստեղծել են համատեղ աշխատանքային խումբ, որպեսզի փոփոխություններ առաջարկեն դասագրքի վիճահարույց գլխում:

«Մաշր»-ի՝ ինգուշ իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մագոմեդ Մուցոլգովը հոկտեմբերի 19-ին հայտարարություն է տարածել՝ դատախազությունից պահանջելով ուսումնասիրել դասագիրքը և պարզել, թե արդյոք այնտեղ «ծայրահեղականություն» կա։

Նաև Ինգուշեթիայում Ցորիի կլանը դիմել է խորհրդարան՝ խնդրելով ստեղծել փորձագիտական հանձնաժողով դասագրքի գնահատման համար, ինչպես նաև դրանք չբաժանել մինչև կշտկվեն տեղ գտած «անճշտությունները»։

Ինգուշեթիայի Մագաս քաղաքի նախկին քաղաքապետ Բեսլան Ցեչոևը դիմել է անմիջապես դասագրքի հեղինակներից մեկին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկուն՝ ասելով, որ տեղահանությունները քննարկող գլուխը «վիրավորական է և անարդար»։

Կարաչայ-Չերքեզիայում Կարաչայ ժողովրդի կոնգրեսը սեպտեմբերին դիմել էր Պետդումա՝ «կանխելու դասագրքի շրջանառությունը»։

Կոնգրեսի հայտարարությունում ասվում էր, որ տեղահանված ազգերը խմբավորվել էին մի հատվածում՝ նախատեսված գործողությունների համար, որոնք իրագործվել էին նացիստների դաշնակից խմբերի և ուժերի կողմից:

«Իհարկե, դա չի կարող չվիրավորել ԽՍՀՄ-ի բռնագաղթած ժողովուրդների ներկայացուցիչներին, քանի որ այդ ժողովուրդների զավակները քաջաբար կռվել են բազմազգ խորհրդային ժողովրդի համար»,- ասվում էր Կոնգրեսի հայտարարությունում։

Ըստ ռուսական РБК լրատվական գործակալության՝ Կրթության նախարարության իրականացրած փորձաքննությունն ապացուցել է, որ դասագրքի բովանդակությունը համապատասխանում է Ռուսաստանի կրթական չափանիշներին։

Ռուսաստանի կրթության նախարարությունը, սակայն, հոկտեմբերին դասագրքի՝ տեղահանության վերաբերող գլխում փոփոխություն է կատարել։

Փոփոխությունների շրջանակում դուրս է թողնվել տեղահանված ազգերի կամ էթնիկ խմբերի մասին ցանկացած հիշատակում, փոխարենը փոխվել է տվյալ գլխի բովանդակությունը՝ նշելով, որ «առանձին ուրացողների և դավաճանների հետ միասին տառապել են մեծ թվով բոլորովին անմեղ և հավատարիմ մարդիկ, ներառյալ նրանք, որոնք կռվել են Կարմիր բանակում»։

Կովկասյան ժողովուրդները, ներառյալ Կարաչայի Կոնգրեսը ողջունել են փոփոխությունները՝ նշելով, որ դրանք «էական» են և «արդար»:

Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի կրթության նախարար Սերգեյ Կրավցովն այցելել է Չեչնիա՝ քննարկելու փոփոխությունները Ռամզան Կադիրովի հետ, որը ողջունել է դրանք։

«Սերգեյ Կրավցովն ինձ նվիրեց պատմության վերահրատարակված դասագիրք 10-րդ դասարանի համար։ Բոլոր սխալներն ուղղվել են, իսկ նախորդ հրատարակության կոպիտ ձևակերպումները, որոնք վերաբերում են ստալինյան բռնաճնշումների ենթարկված ժողովուրդներին, հեռացվել են»,- Telegram-ում գրել է Կադիրովը։

Մեկնաբանել