Գերիների փոխանակումը տեղի է ունենալու հայ-ադրբեջանական սահմանին․ Խանդանյան

Հայ և ադրբեջանցի գերիների փոխանակումը տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Նա հայտնեց, որ գերիներն ազատ կարձակվեն շատ մոտակա ժամանակահատվածում․ «Ժամերի կամ օրերի հարց է»։

«Տեղի են ունեցել բանակցություններ Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև և այդ բանակցությունների արդյունքում է տեղի ունեցել երեկվա հայտարարությունը, որով Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների»,- ասաց նա։

Խանդանյանի խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը երկկողմ գործընթացի շրջանակներում է եղել․ «Հայտարարության մեջ որևէ այլ կողմի մասին արձանագրում չկա։ Բանակցությունները տեղի են ունեցել երկու աշխատակազմերի միջև»:

Հարցին, թե երբ են սկսվել բանակցությունները, պատգամավորն ասաց. «Ենթադրում եմ վերջին շաբաթների մասին է խոսքը, կարճ ժամանակահատվածի մասին է խոսքը»։

Մեկ այլ հարցին, թե հավաստի է ադրբեջանական կողմի հրապարակած ցուցակը, որտեղ նշված են գերիների անունները, Սարգիս Խանդանյանը նշեց․ «Կխուսափեմ որևէ անուն հնչեցնել։ Շատ զգայուն թեմա է, նաև լրատվամիջոցներին խորհուրդ կտայի չշրջանառել անուններ, որովհետև հասկանում եք, թե որքան բարդ կարող է լինել գերիների հարազատների համար։ Մինչև գերիները չհատեն ՀՀ սահմանը, Հայաստանը չի կարող անուններ հրապարակել»։

***

Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Հայտարարության մեջ շեշտվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկել: Ադրբեջանը համաձայնել է ազատել 32 հայ զինծառայողների, իսկ Հայաստանը՝ ադրբեջանական 2 զինծառայողի։

Վերջին անգամ հայ գերիներ ազատ էին արձակվել 2022-ի հոկտեմբերի 4-ին։ ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանը հայկական կողմին էր վերադարձրել 17 ռազմագերի։

Ադրբեջանական գերության շարունակում է գտնվել 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնք հաստատվել են Բաքվի կողմից։ Հայ իրավապաշտպանները, սակայն հավաստիացնում են, որ գերության մեջ գտնվողների թիվը շատ ավելի մեծ է։

23 գերիների թվում են նաև Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։

Մեկնաբանել