ԵՄ առաքելություն, վիզաներ, «Խաղաղության խաչմերուկ»․ Միրզոյանը` ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի հանդիպմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելությանը, վիզաների ազատականացմանը, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին վերաբերող հարցեր։

Դեկտեմբերի 11-ին Արարատ Միրզոյանը ԵՄ կողմի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։ Քննարկմանը ներկա են գտնվել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը և ԵՄ բոլոր անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։

«ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը հանգամանալից ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության ընթացիկ ծրագրերը, հետագա ընդլայնմանն ու խորցմանն ուղղված քայլերը, ինչպես նաև տարածաշրջանում հարատև կայունության ու խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը։ Մասնավորապես, նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքն ու ձեռքբերումները՝ կարևորելով դրանց ԵՄ շարունակական աջակցությունն ու թիրախային ուղղություններով ԵՄ անդամ երկրների հետ սերտ փոխգործակցությունը»,- ասված է Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ քաղաքական ու անվտանգային երկխոսության մի շարք առանցքային հարցերի, այդ թվում՝ ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելությանը․ «ՀՀ ԱԳ նախարարը ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին հայտնել է հայկական կողմի երախտիքը՝ առաքելության գործունեությանն աջակցության և առաքելության կազմում անմիջական մասնակցության համար»։

«ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շարքում՝ մարդկանց միջև շփումների, ՀՀ-ն ԵՄ-ին առավել մոտեցնելու համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ վերջնական որոշման կարևորությունը և պատասխանել է անդամ երկրներին հետաքրքրող հարցերի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն ու խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հիմնական մոտեցումները․ «Որպես տարածաշրջանում խաղաղության օրակարգի մաս՝ Արարատ Միրզոյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, դրա առանձին բաղադրիչների՝ ընդգծելով դրա կարևորությունը ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ավելի լայն տարածաշրջանի, Արևելքն Արևմուտքին կապող ենթակառուցվածների կայուն ցանցի ընդլայնման համատեքստում»։

«Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել նաև տնտեսական և այլ ոլորտներում ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգին, ՀՀ-ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ուղենշային ծրագրերի, դրանցում ԵՄ անդամ երկրների ներգրավածության հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային նախաձեռնությունների ներառականության ապահովման հանգամանքին։ Ի թիվս այլնի, ընդգծվել է Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխին ՀՀ միանալու ներուժն ու կարևորությունը՝ հաշվի առնելով ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի հոկտեմբերի համատեղ հայտարարությունը»,- հայտնում է արտգործնախարարությունը։

Մեկնաբանել