Կայացել է սահմանազատման հարցով վեցերորդ հանդիպումը

Այսօր՝ հունվարի 31-ին, հայ-ադրբեջանական սահմանին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների վեցերորդ հանդիպումը՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այդ մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից հանդիպումից մանրամասներ չեն հաղորդում։

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։ Համաձայնությունից հետո սահմանազատման հարցով հինգ հանդիպում է կայացել՝ երեքը հայ-ադրբեջանական սահմանին, մեկը՝ Մոսկվայում, մյուսը՝ Բրյուսելում։