Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը անհրաժեշտություն է․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտգործնախարարությունը արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մյունխենի հայ համայնքի հետ ունեցած հանդիպման հայտարարություններին և շեշտել սահմանադրական փոփոխությունների հարցը։

«Գալով Վարչապետի [Նիկոլ Փաշինյանը] այն հայտարարությանը, ըստ որի՝ Ղարաբաղի ինքնորոշման հարցը միջազգային հանրության շրջանում աջակցություն չի ստացել, նշանակում է, որ վարչապետը Ադրբեջանի տարածքների հանդեպ ունեցած պահանջները ոչ թե անհիմն է համարում, այլ դրանց ընթացք տալն անիմաստ է գտնում, քանի որ այն չի արժանանում միջազգային հանրության աջակցությանը։

Սա հավելյալ անգամ ապացուցում է Հայաստանի տարածքային հավակնությունները Ադրբեջանի նկատմամբ։ Այդ տեսանկյունից անհրաժեշտություն է, որ Հայաստանը իր Սահմանադրությունում և իրավական ակտերում հանի մեր [Ադրբեջանի] դեմ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահանջներ ենթադրող կետերը», -հայտարարել է Հաջիջազեն։

Նա նորից մեղադրել է հայկական կողմին 2020-ի եռակողմ հայտարարության դրույթները չկատարելու մեջ և ասել հետևյալը․ «Հայաստանյան կողմը պետք է հասկանա, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ճանապարհը տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման սկզբունքներով հարաբերությունների կարգավորումն է, ինչպես նաև խաղաղության հաստատման համար Ադրբեջանի հետ ուղիղ կառուցողական բանակցություններն են։

Փետրվարի 18-ին Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին հղում անելն արդեն արդիական չէ․

«Այն, ինչ խոսվում է, թե Ռուսաստանը պետք է մեր տարածքում որևէ բան վերահսկի, 9-րդ կետում այդպիսի բան չկա գրած, էլ չեմ ասում, որ եռակողմ հայտարարության այն մնացած կետերը, ըստ էության, Ադրբեջանը և ՌԴ-ն ճղել-գցել են մի կողմ»։

Հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը, խոսելով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին, նշել է հետևյալը․ «1996 թվականի դեկտեմբերին տեղի է ունեցել ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը։ Ի՞նչի մասին է եղել այդ գագաթնաժողովը։ Այդ գագաթնաժողովը Ղարաբաղի հարցի վերաբերյալ, ըստ էության, տվել ա ինքնորուշում եզրույթի մեկնաբանությունը։ Եվ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի նախագահողը իր հայտարարության մեջ, նշելով, որ այդ դիրքորոշումը կիսում է ամբող Միջազգային հանրությունը, բացի մեկ պետությունից, և այդ մեկ պետությունը Հայաստանի Հանրապետություն էր։ Բառացիորեն արձանագրել է հետևյալը՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացմամբ, այսինքն Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարության կարգավիճակ ստանալով»։

Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ իշխանական դիսկուրսի մասին ավելի մանրամասն՝ տեսանյութում

Մեկնաբանել