Ընդդիմությանն արգելվում է ծանոթանալ Ադրբեջանի հետ պայմանագրի տարբերակին. Գեղամ Մանուկյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ ընդդիմությանն արգելվում է ծանոթանալ Ադրբեջանի հետ պայմանագրի տարբերակին։

Ֆեյսբուքի իր էջում Մանուկյանը գրել է, որ փետրվարի 23-ին դիմել են ԱԳՆ՝ առաջարկների հերթական փաթեթին ծանոթանալու նպատակով․ «Այսօր ԱԳՆ-ի կողմից ստացվել է պաշտոնական գրություն, որտեղ նշվում է. ‎բանակցային գործընթացը չխաթարելու, գործընթացի վրա անուղղակի բացասական ազդեցություններ, ինչպես նաև փաստաթղթի կամայական, սխալ հանրային մեկնաբանություններ բացառելու նկատառումով պայմանավորված՝ այս պահին նպատակահարմար չենք համարում հայցվող տեղեկատվության տրամադրումը»։

Պատգամավորը նկատում է, որ գրության մեջ բացակայում է գործող օրենսդրության որևէ կետի` իրենց կողմից խախտման վերաբերյալ հղում։

«Կարևոր է նաև արձանագրել, որ յուրաքանչյուր հերթական տարբերակին ծանոթանալուց հետո մեր կողմից հնչեցրած հրապարակային մեկնաբանությունները հայտնվել էին նաև ադրբեջանական բարձրաստիճան շրջանակների ուշադրության կենտրոնում, որտեղից իշխող ուժի մակարդակով քննադատություն էր հնչում ընդդիմադիր պատգամավորներին պայմանագրի կետերին ծանոթանալ թույլ տալու առնչությամբ։ Ուստի, ԱԳՆ-ից ստացված այս գրությունը հաստատում է նախորդիվ մեր հնչեցրած հիմնավոր կասկածն առ այն, որ ընդդիմադիր պատգամավորների՝ բանակցային գործընթացին ծանոթանալու արգելքն ադրբեջանական հերթական պահանջն է, որը բավարարվում է Նիկոլ Փաշինյանի կողմից»,- գրել է նա։

Գեղամ Մանուկյանը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 7-ի հայտարարությունը՝ ընդդիմադիր պատգամավորներին այլևս չի թույլատրելու ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի կետերին։

«Գործ ունենք պատգամավորական գործունեությանը դիտավորյալ խոչընդոտելու հերթական կամայական քայլի հետ, որի նպատակը մեր կողմից հայ ժողովրդի համար կարևորագույն օրակարգի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների խափանումը և հանրությանը միակողմանի տեղեկատվության տրամադրման միջոցով մոլորեցնելու դիտավորությունն է»,- նշել է Մանուկյանը։

Հայկական կողմը խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկները ստացել է փետրվարի 21-ին։

Ընդդիմությունը ծանոթացել էր դրանից առաջ՝ դեկտեմբերի 25-ին, ուղարկված ադրբեջանական առաջարկներին և հայտարարություն տարածել՝ նշելով, որ Ադրբեջանի առաջարկներն իրական խաղաղության ցանկություն ունեցողի դիրքորոշում չեն արտահայտում։

«Չմանրամասնելով փաստաթղթի առանձին դրույթները՝ արձանագրում ենք, որ ադրբեջանական առաջարկներն ու մոտեցումները որևէ կերպ չեն արտահայտում իրական, արդար և հարատև խաղաղություն հաստատելու ցանկություն ունեցող երկրի դիրքորոշումը։ Վերահաստատում ենք, որ շարունակում են ուժի մեջ մնալ նախկինում մեր կողմից բարձրաձայնված բոլոր մտահոգություններն ու անհանգստությունները, որոնք որևէ կերպ ոչ միայն չեն փարատվում, այլև առավել խորանում են»,- հայտարարել էին պատգամավորները։

***

Հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում 2024-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն էլ ասել էր, թե Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի ո՞ր հարցերում տարաձայնություններ ունեն․ «Մեզ համար շարունակում է սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթի անկյունաքարը պետք է լինի 2 երկրների միջև սահմանագծի ամրագրումը։ Կարևոր հարցերից է մնում նաև ապաշրջափակման գործընթացի չորս սկզբունքների արձանագրումը, որոնք նաև արձանագրված են Գրանադայի հայտարարության մեջ։ Կարևոր է լինելու նաև վեճերի կարգավորման հստակ մեխանիզմի ստեղծումը»,- նշել էր Կոստանյանը։

Մեկնաբանել