Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել․ Փաշինյան

«Ռուսաստանի Դաշնության հետ կապված մեր հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր գործընկերները չեն կարող ցույց տալ մի տեղ, ասել, որ «դուք այստեղ այսինչ պարտավորությունն ունեիք և այդ պարտավորությունը չեք կատարել»։ Մենք կարող ենք ցույց տալ և ցույց ենք տալիս: Lեգիտիմ հարցեր ենք բարձրացնում և ակնկալում ենք այդ լեգիտիմ հարցերին բովանդակային պատասխան։ Քանի այդ պատասխանը չի հնչել, ուրիշ ինչ էլ ասվի՝ դա հարցը չի լուծելու», – ասել է Փաշինյանը։

***

Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունն առաջացել է 2022-ի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո։ 2022-ի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։

2024-ի մարտի 12-ին Կառավարությունում հրավիրած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է․ «Մենք պահանջում ենք, որ ՀԱՊԿ-ը պատասխանի մեկ հարցի՝ ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում»։ Նրա խոսքով՝ երբ ՀԱՊԿ-ը կպատասխանի այդ հարցին ու այդ պատասխանը կհամապատասխանի ՀՀ պատկերացումներին, դա կնշանակի, որ Հայաստանի ու ՀԱՊԿ-ի միջև հարցերը լուծված են, եթե ոչ՝ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։

Վերջին ամիսներին Հայաստանի վարչապետը և այլ հայ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն մասնակցել ՀԱՊԿ նիստերին։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրերս տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ «Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը` միտումնավոր տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման»,- ասել է նա։

Մեկնաբանել