Մոսկվայի և Երևանի նորմալ դաշնակցային բնականոնությանը վերադարձը միակ խելամիտ լուծումն է․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Երևանի և Մոսկվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33 ամյակի առթիվ՝ նշելով, որ երկու երկրների սերտ, դաշնակցային կապերը համապատասխանում են ինչպես ռուսների, այնպես էլ հայերի իրական շահերին։

«Անցած տասնամյակների ընթացքում շատ բան է փոխվել։ Փոխվել են և՛ երկրները, և՛ աշխարհը, որում մենք ապրում ենք։ Ցավոք, մեր հարաբերություններում նաև շատ տարաձայնություններ կան, ինչպես նաև փոխադարձ պահանջներ։ Վստահ ենք, որ Մոսկվայի և Երևանի միջև ուղիղ երկխոսության արդյունքում ոչ միայն հնարավոր է շտկել այդ տարաձայնությունները և վերադառնալ նորմալ դաշնակցային հարաբերությունների, այլև դա միակ խելամիտ որոշումն է»,- ասված է հայտարարությունում։

Դիվանագիտական ներկայացուցչությունը հիշեցնում է, որ Երևանի և Մոսկվայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլի 3-ին, որով երկու երկրների միջև փոխհարաբերություններում նոր փուլի սկիզբ դրեց։ Հայտարարությունում նշվում է, որ Ռուսաստանը միշտ հատուկ նշանակություն է տվել Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններին` որպես դաշնակցի և կարևոր գործընկերոջ։

Դեսպանությունը հիշեցնում է նաև, որ 2 երկրերն էլ ընդգրկված են ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում` ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում և ԱՊՀ-ում, փոխգործակցում են ՄԱԿ-ի կառույցներում, միջազգային այլ ձևաչափերում: Երկրների միջև ամենատարբեր ոլորտներում գործում են համագործակցության շուրջ 200 համաձայնագրեր և այլ մեխանիզմներ։

«Հարաբերություններում շատ կարևոր դեր է խաղում անվտանգության ոլորտը։ Հայաստանում և Հարավային Կովկասում կայունության ապահովման անգնահատելի գործոն է շարունակում լինել ռուսական 102-րդ ռազմաբազան և ՌԴ սահմանապահների ներկայությունը։ Դինամիկ զարգանում է փոխգործակցությունը տնտեսության ոլորտում։ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է` արտաքին առևտրում 35,4 տոկոս ընդհանուր մասնաբաժնով, ինչպես նաև առանցքային ներդրողը` ավելի քան 40 տոկոս տեսակարար կշռով»,- ասված է հայտարարությունում։

Նշվում է, որ Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերում գործում են ավելի քան 40 խոշոր ձեռնարկություններ` ռուսական կապիտալի 100% կամ մասնակի մասնակցությամբ, և նրանցից շատերը ՀՀ խոշորագույն հարկատուներն ու գործատուներն են։

Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունն առաջացել է 2022-ի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո։ 2022-ի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։

2024-ի մարտի 12-ին Կառավարությունում հրավիրած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է․ «Մենք պահանջում ենք, որ ՀԱՊԿ-ը պատասխանի մեկ հարցի՝ ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում»։ Նրա խոսքով՝ երբ ՀԱՊԿ-ը կպատասխանի այդ հարցին ու այդ պատասխանը կհամապատասխանի ՀՀ պատկերացումներին, դա կնշանակի, որ Հայաստանի ու ՀԱՊԿ-ի միջև հարցերը լուծված են, եթե ոչ՝ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։

Վերջին ամիսներին Հայաստանի վարչապետը և այլ հայ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն մասնակցել ՀԱՊԿ նիստերին։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրերս տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ «Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը` միտումնավոր տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման»,- ասել է նա։

Մեկնաբանել