Հունվար-մարտին 52 մլրդ դրամ դուրս է բերվել ստվերից․ ՊԵԿ

2024-ի առաջին եռամսյակում ստվերային շրջանառությունից դուրս է բերվել 52 մլրդ դրամ, որից 22 մլրդ դրամը պետությանը պատճառված վնասն է եղել․ այն վերականգնվել է 13,3 մլրդ դրամի չափով: Այդ մասին «ՍիվիլՆեթ բիզնեսի» եթերում ասում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը:

Նրա խոսքով՝ միաժամանակ քննչական կոմիտեն նշված հիմքով նախաձեռնել է 98 քրեական վարույթ:

«Բացի այս ուղղություններից, այլ ուղղություններով ևս աշխատանքներ իրականացվել են: Մասնավորապես, առաջին եռամսյակի ընթացքում արձանագրվել է առանց փաստաթղթի ապրանքների մատակարարման 126 դեպք, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու 120 դեպք, ինչպես նաև լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիա իրականացնելու 62 դեպք»,- ասում է Վահան Չարխիֆալակյանը:

Տարբեր ոլորտներում, նրա կարծիքով, հարկերից խուսափելու ռիսկեր առկա են:

«Ռիսկ ունենք տարբեր ոլորտներում` մեծածախ և մանրածախ առևտուր, կառուցապատման ոլորտներում»,- նշում է նա` բացատրելով, թե ինչպես են ՊԵԿ աշխատակիցները գնահատում ռիսկերը, ընտրում ոլորտները:

«Որպես օպերատիվ ստորաբաժանում, շեշտը դնում ենք նաև մեր օպերատիվ աշխատակիցների ստացած արժեքավոր օպերատիվ ինֆորմացիայի վրա: Երբ մեր աշխատակիցները ստանում են այդ ինֆորմացիան, մշակում, ձեռնարկում ու իրականացնում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ: Սակայն մենք ունենք մեկ այլ կարևոր ուղղություն, որը միշտ զարգացնում ենք։ Խոսքը աֆտոմատացված համակարգերի վրա հիմնված ռիսկի պրոֆիլներով ստվերային առանձին երևույթները բացահայտելու մասին է: Մենք ունենք նման համակարգ, որն իրականացնում է ռիսկերի նույնականացում ըստ ոլորտների և առանձին՝ ըստ ռիսկային հարկ վճարողների: Համակարգն ինտեգրված է տարբեր ինֆորմացիոն աղբյուրների», – նշում է Վահան Չարխիֆալակյանը:

Մեկնաբանել