Մոսկվան Երևանին և Բաքվին հորդորում է նվազեցնել ռազմատենչ հռետորաբանությունը

Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենսիվությունը։ Այս մասին ապրիլի 10-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

«Բաքվի և Երևանի միջև բոլոր տարածքային վեճերն ու փոխադարձ պահանջները պետք է կարգավորվեն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»,- ասել նա։

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է աջակցել կողմերին լուծումներ գտնելու, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանազատման հարցում։

Ըստ նրա՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները կան: Այս համատեքստում Զախարովան հիշեցրեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների մասին:

Ապրիլի 5-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները սահմանագոտու Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակում են Հայաստանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ։ Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության՝ Ադրբեջանի կրակոցների գերակշիռ մասը ոչ նպատակային և անկանոն է: Ապրիլի 7-ին Սյունիքի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կրակի հետևանքով վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը։

Մեկնաբանել