45 000 դոլարով Volkswagen ID 6` Արարատի քաղաքապետին. մատակարարը Հովիկ Աղազարյանի որդին է

Արարատի քաղաքապետարանը 45 000 դոլարով ծառայողական մեքենա է ձեռք բերել համայնքապետ Ասլան Ավետիսյանի համար։ Ընդ որում, մեքենայի գնման տեխնիկական բնութագիրը գրվել է այնպես, որ անպայման ձեռք բերվի էլեկտրական Volkswagen ID 6 Crozz ամենագնաց։ Մեքենան Արարատի քաղաքապետարանին է մատակարարելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող նորաստեղծ ընկերությունը, որի հետ պայմանագիրը ստորագրվել է ապրիլի 15-ին։

Արարատի քաղաքապետին էլեկտրական crossover մեքենա է հարկավոր

Մարտի 11-ին Արարատի քաղաքապետարանը հայտարարություն էր հրապարակել էլեկտրոնային աճուրդի մասին։ Աճուրդով պետք է ձեռք բերվեր ծառայողական մարդատար մեքենա։ Արարատի քաղաքապետարանը մեքենայի տեխնիկական բնութագրերում ներկայացրել է, որ պետք է մատակարարվի Volkswagen ID 6 Crozz կամ համարժեք մեքենա։

Հակառակ սրան՝ «Գնումների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է, որ «գնման առարկային հատկանիշները չպետք է պահանջ կամ հղում պարունակեն որևէ առևտրային նշանի, ֆիրմային անվանման, արտոնագրի, էսքիզի կամ մոդելի, ծագման երկրի, արտադրողի կամ կոնկրետ աղբյուրի, բացառությամբ այն դեպքերի, երբ անհնար է գնման առարկայի բնութագրումն առանց դրանց»։ Տվյալ դեպքում համայնքապետարանը հնարավորություն ուներ տեխնիկական բնութագրում ներառել պահանջվող տվյալներ, օրինակ՝ մեքենայի տարեթվի, փոխանցման տուփի, շարժիչի ծավալի և այլ հատկանիշների մասով՝ առանց ներկայացնելու նախընտրելի մակնիշը։ Մինչդեռ տեխնիկական բնութագրում նշվել է ֆիրմային անվանում, մակնիշ և այլն։

Տեխնիկական բնութագրում նշվել է նաև, որ ավտոմեքենան շուկա դուրս եկած պետք է լինի 2022-ից սկսած, ունենա 3 տարվա երաշխիք, նախընտրելի գույնը պետք է լինի մուգ կապույտ մետալիկ, սրահինը՝ մուգ ալկանտարա։

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանի խոսքով՝ տեխնիկական բնութագրի մեջ մակնիշին հղում տալը վիճելի է. «Գնումների մասին օրենքը սահմանում է՝ այնպիսի պայմաններ պետք է նշել, որ հնարավորինս շատ մասնակիցներ կարողանան մասնակցել։ Օրենքը սահմանում է՝ ուղիղ անվան, մակնիշի հղում չկատարվի, իսկ երբ բնութագրիչները սահմանափակ են տրվում, այդ դեպքում սահմանափակվում է պոտենցիալ մասնակիցների մուտքը գործընթացին ու մատչելիության սկզբունքն է տուժում։ Սա սահմանափակող կարգավորում է եղել»,- ասում է գնումների փորձագետը։

Արմենուհի Բուռնազյանը գնման գործընթացում խնդրահարույց է համարում նաև այն, որ մեքենայի ձեռքբերումն իրականացվել է էլեկտրոնային աճուրդի ընթացակարգով և ոչ բաց մրցույթով։ Ըստ փորձագետի՝ այս երկու ընթացակարգերի էական տարբերություններից մեկն այն է, որ բաց մրցույթի դեպքում ավելի երկար ժամանակ է տրվում մանակիցներին առաջարկներ ներկայացնելու համար, իսկ էլեկտրոնային աճուրդի դեպքում ժամկետները սահմանափակ են։ «Կարող է կասկած առաջանալ, թե այդ փոքր կառույցին որքանով է անհրաժեշտ այդ ֆունկցիոնալության մեքենան։ Անկեղծ ասած, ես չեմ հասկանում ամենագնաց մեքենա ձեռք բերելու իմաստը այս դեպքում»,- նշեց փորձագետը։ Նրա դիտարկմամբ՝ թեպետ որոշակի մրցակցություն ապահովվել է գնման գործընթացում, բայց մեքենայի մակնիշին հղում կատարելը ունեցել է սահմանափակող գործոն։

Արարատի քաղաքապետարանը գնման համար նախատեսել էր առավելագույնը 18 միլիոն դրամ, որից 1,5 միլիոնը՝ ավելացված արժեքի հարկ։

Մարտի 25-ին գումարվել է էլեկտրոնային աճուրդի գնահատող հանձնաժողովի նիստ։

Ավտոմեքենան մատակարարելու հայտ էին ներկայացրել 5 ընկերություններ՝ LA Import LLC, «Յուքար» ՍՊԸ, «Անդրա» ՍՊԸ, «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ և «Շին կորտ» ՍՊԸ։ Ցանկում նվազագույն գին առաջարկել է «Շին կորտ»-ը՝ 16 560 000 դրամ։ Նրանից ընդամենը 180 000 դրամ ավել է առաջարկել «Ջերմուկ գրուպ»-ը, ուստի նախապատվությունը տրվել է «Շին կորտ»-ին։ Ապրիլի 15-ին Արարատի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Շին կորտ»-ի հետ, Volkswagen ID 6 Crozz-ի մատակարարման արժեքը կազմել է 18 միլիոն դրամ։

«Շին կորտ». Աղազարյանի որդու նորաստեղծ ընկերությունը

Մրցույթում հաղթած «Շին կորտ»-ի հիմնադիրն ու բաժնետերը «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին է՝ Վահե Աղազարյանը։ Աղազարյանները ծնունդով Արարատի մարզի Սուրենավան գյուղից են։ «Շին կորտ»-ը բացի Volkswagen ID 6 Crozz-ը, այս տարվա ընթացքում հասցրել է նաև մոտ 845 000 դրամի չափով A4 ֆորմատի թուղթ մատակարարել Երևանի ֆիզիկայի ինստիտուտին։ Ուսումնասիրելով Վահե Աղազարյանի սոցցանցային ակտիվությունը՝ կարելի է տեսնել, որ վերջինս զբաղվում է ավտոմեքենաների և պահեստամասերի վաճառքով։

Հայաստանում մեքենաների առքուվաճառքի ամենամեծ հարթակում՝ Auto.am-ում ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2022 և 2023 թվականների Volkswagen ID 6 Crozz մեքենաների գինը սկսվում է 31 000 դոլարից՝ ավելի պակաս, քան ձեռք է բերել Արարատի քաղաքապետարանը։ Մեքենայի գինը սակայն այս հարթակում որոշ դեպքերում կազմել է 53 000 դոլար։ Ավտոմեքենայի այս մոդելի նախընտրությունը Արարատի քաղաքապետարանի կողմից կասկածելի է նաև այն տեսանկյունից, որ մի շարք երկրներում արգելված է Volkswagen ID 6-ի վաճառքը։ Օրինակ, Գերմանիայում Volkswagen ID 6-ի ներմուծումն ու վաճառքն արգելվում է, քանի որ այն չի համապատասխանում մեքենաների եվրոպական ստանդարտներին։ Ըստ Teslarati կայքի՝ Volkswagen-ը նույնիսկ դատի էր տվել Գերմանիայում գործող մի ավտոդիլերի՝ վերը նշված մոդելի ներմուծման ու վաճառքի համար, քանի որ այն արտադրվում է չինական շուկայի համար։

Մոտ մեկ տարի առաջ հայտնի դարձավ նաև, որ Volkswagen ID 3,4,6 մակնիշի մեքենաների ներմուծումն ու վաճառքն արգելվել է նաև Արաբական Միացյալ Էմիրություններում։ Պատճառը մեքենաների անսարքություններն էին և դրանց՝ Չինաստանի կլիմայական պայմաններին հարմարեցված լինելու հանգամանքը։ Volkswagen ID 6-ի ներմուծման արգելք է գործում նաև Եթովպիայում։

Արարատի քաղաքապետ Ասլան Ավետիսյանը, պատասխանելով «Սիվիլնեթ»-ի հարցին, թե ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել իր համար ծառայողական մեքենա ձեռք բերելու և ինչո՞ւ հենց այդ մակնիշի մեքենա, առաջարկեց հարցերն ուղղել քաղաքապետարանին։

Արարատի քաղաքապետ Ասլան Ավետիսյանի և նրա երկու որդիների՝ Հովհաննես և Նարեկ Ավետիսյանների անունը տարիներ առաջ հայտնվել էր արարատցի Գյանջիրով Հովհանյանի ինքնասպանության պատմության մեջ։ Հովհանյանը 2013-ին աշխատել էր Ավետիսյաններին պատկանող քարի արտադրամասում։ Ինքնասպան եղած տղամարդու ընտանիքի անդամները պատմել էին, որ քարի արտադրամասից Հովհանյանը թույլտվություն էր ստացել ու քարերի ջարդոններ էր դուրս բերել արտադրամասից՝ իր բակը վերանորոգելու համար։ Այդ օրը, ըստ նրանց, Ավետիսյանի երկու որդիները դաժանաբար ծեծել էին Հովհանյանին, հետագայում վերջինիս հետ փորձել դատաստան տեսնել նրա հենց տանը։ Հաջորդ օրը, ըստ տուժածի ընտանիքի, Հովհանյանը տնից դուրս էր եկել ու չէր վերադարձել։ Նրա մարմինը գտել էին Ավշար գյուղի մոտ՝ ծառից կախված վիճակում։ Գյանջիրով Հովհանյանի ընտանիքի հարազատները նաև բարձրաձայնել էին ընտանիքի հոր դիակի վրա բռնության հետքերի և իրենց՝ չբողոքելու դիմաց 50 000 դոլար առաջարկելու մասին։ Այս դեպքի մասին ժամանակին ԱԺ ամբիոնից բարձրաձայնել էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և գործով քննիչներին ու դատախազներին մեղադրել էր անգործության մեջ։

2021-ի վերջից Ասլան Ավետիսյանը դարձավ Արարատի քաղաքապետ, իսկ նրա որդիներից Հովհաննեսը Արարատի մարզպետի խորհրդականն է։

Հովիկ Աղազարյանը ապրիլի 16-ին խորհրդարանում News.am-ի հետ զրույցում խոսել էր գնումների գործընթացի մասին, դժգոհել դրանից. «Պետգնումների վիճակը շատ ոչ բարվոք է, ես նաև որպես քաղաքացի եմ տեղյակ, որ այնտեղ վիճակը շատ ծանր է, օրենսդրության խնդիր կա, ակնհայտ թերություններ կան»,- բողոքել էր պատգամավորը՝ որդու կողմից Արարատի համայնքապետարանի հետ պայմանագիր կնքելու հաջորդ օրը։

Մկրտիչ Կարապետյան

  • Լավ հետազոտություն է գնից չխորանամ, բայց այս երկրում չեմ հասկանում ոչ ոքին չի հետաքրքրում պետության և պետականության առկայությունը, ցանկացած կիսակայունացած երկրում չինովնիկների և պետ աշխատողների մեքենաները որոշվում է բոլորի համար և գնվում է բոլորի համար, համապատասխան պաշտոնի, այլ ոչ թէ ով ինչ ուզի տենդեռ հայտարարի ու առնի, կարևոր չի 5000$ ավել պակաս, բայց դե գույն սալոն էլ ինչ։ Արա հասկացեք եթե երկիր ենք ուրեմն սաղ հավասար են, պետ աշխատողը ունի այն ինչ կտա երկիրը։ Ոչ թէ ուզածը , բայց բյուջե հաշվին։ Հերիքա քոչվոր մուրացկան լինեք։ Լրագրողներ շեշտադրումն էլ ճիշտ դրեք, եթե իհարկե վճարված չեք ուշադրությունը շեղելու համար։ Իսկ ես հավատում եմ որ բավականաչափ կիրթ եք, հետևաբար երևի կիչ կերեք, բայց գրեք ճշմարտություն, այլ ոչ թէ վճարված հոդվածներ

Մեկնաբանել