Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածությանը սահմանազատման գործընթացի վերաբերյալ։

Ապրիլի 20-ին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ասել է, որ նախ կցանկանար գնահատել տեղի ունեցածի քաղաքական նշանակությունը․ «Ես չէի ուզի, որ մենք գնահատենք տեղի ունեցածը, բայց նաև չէի ուզի, որ թերագնահատենք, որովհետև շատ կարևոր է արձանագրել, որ, ըստ էության, առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց»,- հայտարարել է վարչապետը, փոխանցում է «Արմենպրեսը»։

Ըստ նրա՝ սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունն էականորեն նվազեցնելու է անվտանգային այն ռիսկերը, որոնք առկա են Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց բնակավայրերի հատվածում, ինչպես նաև Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով․ «Մենք պայմանավորվելենք հիմա այս հատվածի վերաբերյալ, բայց նաև հիմնարար սկզբունք ենք որդեգրել հետագա սահմանազատման ողջ գործընթացի համար, ինչը նշանակում է, որ կարող ենք արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն նստել ու բոլոր վիճահարույց հարցերը բանակցությունների սեղանի շուրջ լուծել»,- նշել է նա:

«Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց: Իհարկե, դա ձեռքբերում է և՛ Ադրբեջանի համար, և՛ էական ձեռքբերում է Հայաստանի համար: Ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանն արդեն երկկողմանի ստորագրություններով հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և հաստատեցին, որ սահմանազատման գործընթացում ոչ թե նոր սահման է ստեղծվելու, այլ վերարտադրվելու է Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը»,- ասել է Փաշինյանը։

Նա հայտարարել է, որ եթե Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի քաղաքացիների իրավունքներին, նույն բնակավայրում նոր տներ կկառուցի:

«Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ: Նույնը վերաբերում է նաև Կիրանցին: Կիրանցի հետ կապված մեր խոսակցությունների ժամանակ շատ աշխատանքային դետալների մեջ չենք խորացել: Սակայն և՛ Կիրանցում, և՛ Ոսկեպարում ես ասել եմ, որ, եթե հանկարծ սահմանազատման գործընթացում կպարզվի, որ ինչ-որ տների, հողամասերի հետ կապված խնդիր կա, բնականաբար մենք մեր բոլոր քաղաքացիների իրավունքներին տեր կկանգնենք: Եթե նման անհրաժեշտություն լինի, մենք նույն բնակավայրում նոր տներ կկառուցենք»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են միմյանց հետ և պետք է պայմանավորվեն, թե սահմանազատումից հետո ծառայությունը ոնց են իրականացնում․ «Սահմանը հանձնվելու է սահմանապահներին: Ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի: Այսօր արդեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են միմյանց հետ և պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնում»:

Անդրադառնալով Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներում առկա ռուսական հենակետերը հանելու վերաբերյալ հարցին՝ վարչապետը պատասխանեց. «Ռուսական հենակետերն այդտեղ հայտնվել են այլ իրադրության բերումով: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրադրության էական փոփոխություն է, որը պետք է իր ազդեցությունն ունենա բոլոր ուղղություններով: Դա նշանակում է, որ մենք առանջնագիծ չունենք, ունենք սահման, իսկ սահմանը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները, իրար հետ փոխգործակցելով, ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանություն»:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանի սահմանազատման գործընթացում անդրադառնալու են նաև անկլավների/էքսկլավների հարցին, Հայաստանը պատրաստվում է հիմնավորել Արծվաշեն էքսկլավի՝ դե յուրե Հայաստանի մաս լինելը:

«Մենք անկլավների/էքսկլավների թեմայից չենք կարող հրաժարվել, որովհետև Հայաստանի 29 հազար 743 քառ. կմ ինքնիշխան տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը, որը էքսկլավ է մեր տեսակետից, անկլավ է Ադրբեջանի տեսակետից: Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցին անդրադառնալու ենք: Մենք պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշեն էքսկլավի՝ դե յուրե Հայաստանի մաս լինելը։ Երբ մենք դե յուրե դա կհիմնավորենք, արդեն Արծվաշենի սահմանի սահմանազատում պետք է տեղի ունենա»,- ասել է նա։

Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության իրականացումը մի աստիճանով բարձրացնելու է Հայաստանի ինքնիշխանությունը, սակայն «կան ուժեր, որոնք չեն ուզում, որ Հայաստանի ինքնիշխանությունը զարգանա»։

«Ակնհայտորեն կան ուժեր, որոնք չեն ուզում, որ Հայաստանի ինքնիշխանությունը զարգանա: Նրանք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ, և ամեն ինչ անելու են, որ Հայաստանը իր ինքնիշխան որոշումն իրագործելու հնարավորություն չունենա՝ այդ թվում խաղալով մարդկանց հույզերի հետ և այլն»,- նշել է վարչապետը։

***

Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում «կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս – Բաղանիս Այրում, Ոսկեպար – Աշաղը Ասկիպարա, Կիրանց – Խեյրումլի և Բերքաբեր – Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով»։

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար:

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հետ կապված վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին։

Վարչապետի աշխատակազմից նշել են, որ հայտարարության համաձայն՝ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, և հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն և արտահայտվեն նաև գետնի վրա։

Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից:

Վարչապետի աշխատակազմից կարևոր են համարել, որ հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:

Մեկնաբանել