Մհեր Գրիգորյանը Տավուշի համայնքապետերի հետ կհանդիպի կառավարության շենքում

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 22-ին Կառավարության շենքում հանդիպում կունենա Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որևէ հանդիպումից չի հրաժարվել, ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպումը կայանալու է այսօր կառավարության շենքում»,- փոխանցեցին փոխվարչապետի գրասենյակից:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Մհեր Գրիգորյանը հրաժարվել է մեկնել Տավուշ՝ չնայած պայմանավորվածությանը։

Կառավարությունում փոխվարչապետի հետ հանդիպմանը պետք է ներկա լինեն Նոյեմբերյանի քաղաքապետը, Բաղանիսի, Ոսկեպարի, Կիրանցի և Բերքաբերի գյուղապետերը, ինչպես նաև մի քանի գյուղացիներ։

Ապրիլի 20-ին Կիրանց-Ոսկեպար հատվածում Հայաստան-Վրաստան միջպետական չճանապարհը փակած և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության դեմ բողոքող գյուղացիները հայտնել էին, որ ապրիլի 22-ին սպասվում է հանդիպում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։

Մեկնաբանել