Հինգ ֆոնդի գործունեության միջանկյալ արդյունքներ

Լևոն Խալաթյան

Պետական ծառայողը ունի շատ սահմանափակումներ։ Աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով։ Նա պետք է եկամուտների և գույքի տարեկան հաշվետվություն ներկայացնի, ներկա լինի աշխատատեղում, պահպանի դրես-կոդ։ Եվ լինի մամուլի և վերահսկող մարմինների լարված ուշադրության տակ։ Այս ամենը աշխատավարձի և պարգևավճարի հույսի համար։

Ինչո՞ւ գնալ ռիսկի, անիմաստ մնալ պետական բարձր պաշտոնների՝ կաշառք վերցնելիս բռնվելու ոչ զրոյական հավանականությամբ։

Կարելի է ստեղծել «ինչ-որ մի բանի զարգացման ֆոնդ», բյուջեից փող ուղղել այնտեղ և վերջ։

Այնտեղ կարելի է աշխատակիցներին նշանակել ցանկացած չափի աշխատավարձ․ արդեն օրենքի կարգավորում չկա։ Կարելի է աշխատանքի ընդունել՝ ում պատահի, որակավորման որևէ պահանջ չկա։ Շահերի բախո՞ւմ։ Չէ , չենք լսել։ Տարվա վերջին ցանկացած չափի պարգևավճարներ տալ՝ ղեկավարության հայեցողությամբ, որը նույնպես կարող է աչքի չընկնել որակով (սովորաբար այդպես էլ լինում է)։ Դրան գումարենք մեկ մասնակցով մրցույթներում մեծ գումարների անհասկանալի գնումները։ Վերջում․․․ հերիք չէ, որ այս մարդիկ չեն ներկայացնում եկամուտների հայտարարագիր, մենք նույնիսկ չգիտենք, թե ով են նրանք։ Չնայած նրանք սնվում են մեր՝ հարկատուներիս հաշվին։

Ամենակարևորը՝ այդ ֆոնդերի աշխատանքի արդյունքը նույնիսկ զրոյական չէ, այլ բացասական։

ANIF հիմնադրամը, որը հայտնի է աստղաբաշխական աշխատավարձերով, թափանցիկության և արդյունավետության բացակայությամբ, էական ներդրում կատարել էր միայն FlyArna ավիաընկերության մեջ, որը տապալվեց՝ 4,5 մլրդ դրամ կորուստով։ Բայց ֆոնդի աշխատակիցները իրենց չզրկեցին 4 մլրդ դրամ աշխատավարձից։

ANIF-ին դա քիչ թվաց։ Նա ստեղծեց ևս երկու դուստր կազմակերպություն, որոնք, բացի մսխումներից, ոչնչով աչքի չընկան։ Դրանցից մեկը՝ ARFI հիմանդրամը, իր աշխատակիցներին դուրս գրեց տարեկան 200 մլն դրամ աշխատավարձ մեկ դատարկ կայքի ստեղծման համար։ Իսկ «Ձեռնարկատեր+պետություն» ֆոնդը առանց ԿԲ լիցենզիայի և առանց որևէ հաշվետվության ներդրեց 7 մլն դոլար մի քանի անհասկանալի ընկերություններում, անհասկանալի պայմաններով, և ստանում է մեծ աշխատավարձեր։ Ասելով մեծ աշխատավարձեր, նկատի ունենք 3-5 մլն դրամ ամսական։

Ոչ մի վերահսկող մարմին չկարողացավ կանգնեցնել այս մսխումները, չնայած այստեղ պետք է աշխատեին իրավապահ մարմինները բազում քրեական գործերով։ Կարելի է ենթադրել՝ այս ֆոնդերի պաշտպանները վերևներում են։

Կար ևս մեկ մասնավոր ֆոնդ՝ Amber Capital Armenia, որին մեր պետությունը վստահեց 7 մլն դոլար փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։ Բայց չհասկացանք, թե ինչու ներդրումների ֆոնդը բացվեց Լյուքսեմբուրգում․ Հայաստանում ոչ մի հաշվետվություն չկա։ Թե ինչ պայմաններով են ներդրվում մեր գումարները, անհասկանալի է։ Ո՞վ է ընտրել այս ընկերությունը, եղե՞լ է արդյոք մրցույթ․․․ տեղեկատվություն չկա։

Մեկ այլ ֆոնդ է Enterprise Armenia-ն՝ ներդրումների աջակցման համար, որի տարեկան վարչական ծախսերը կազմում են 550 մլն դրամ, ևս 1 մլրդ կորուստ բիզնեսին տված երաշխիքներից, և գործունեության անորոշ շրջանակ։ Բայց վճարում ենք, մենք՝ հարկատուներս։

Ինչո՞ւ է մամուլում աղմուկ բարձրանում պատգամավորների և պաշտոնյաների պարգևավճարների վերաբերյալ, իսկ այսպիսի մսխումները չեն արժանանում պատշաճ ուշադրության՝ չնայած, որ սրանք տասնյակ անգամ ավելի մեծ են։ Պատճառը՝ խճճված ֆինանսական հաշվետվություններն են կամ դրանց բացակայությունը։ Տեղեկությունները կարելի հավաքել միայն մաս-մաս, իսկ ֆինանսական հաշվետվությունների վերլուծությունը մամուլի համար դեռ ծանր խնդիր է։

Այս հինգ ֆոնդերի մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ բյուջեն, հավանաբար, կորցրել է մոտ 20 մլրդ դրամ։ Բայց սա միայն սկիզբն է։ Այդպիսի տասնյակ ֆոնդեր կան՝ նախարարություններին կից։ Չէ՞ որ կոռուպցիան ոչ միայն կաշառքն է, այլև ոչ թափանցիկ և ոչ հաշվետու մսխումները։

Որքա՞ն երկար մեր բյուջեն կդիմանա։ Եվ որքա՞ն մեծ կլինի հարկատուների համբերությունը։

***

Լևոն Խալաթյանը ԱԼԻԱՍ խորհրդատվական ընկերության ավագ գործընկեր է։

Մեկնաբանել