ANIF-ը լուծարվում է

Մկրտիչ Կարապետյան

Հայաստանի պետական հետաքրքրություննեի ֆոնդը (ANIF) կլուծարվի, իսկ մինչ այդ ընկերության կառավարումը հանձնվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության մայիսի 23-ի նիստի օրակարգում։

Ըստ որոշման հիմնավորման՝ վարչապետի գլխավորությամբ մարտի 14-ին տեղի է ունեցել նիստ, որի ընթացքում որոշվել է ANIF-ի լուծարման գործընթաց սկսել։ Կառավարությունը որոշման հիմնավորումներում թաքցրել է, թե ինչու և ինչ հիմնավորումներով է լուծարում ֆոնդը։ Որոշման հիմնավորումներում բացակայում է տեղեկությունը, թե ինչ է լինելու ANIF-ի և նրա դուստր ընկերության կատարած ներդրումների ու այդ ընկերությունների հետագա գործունեության հետ։ Կառավարության որոշման նախագիծը վերաբերում է մինչ լուծարումը ANIF-ի բաժնետոմսերի կառավարումը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելուն։

Մինչ այդ ANIF-ի կառավարումն իրականացնում էր էկոնոմիկայի նախարարությունը, իսկ դրանից առաջ վարչապետի աշխատակազմը։ Որոշակի ժամանակահատված ANIF-ն էր կառավարում Զանգեզուրի պսնձամոլիբդենային կոմբինատում պետական բաժնեմասը։

ANIF-ի ամենամեծ ներդրումներից մեկը Fly Arna ազգային ավիափոխադրողի ստեղծումն էր։ Տարեսկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ այս ծրագիրը ձախողվել է, մինչ այդ էլ ավիաընկերությունը դադարեցրել էր թռիչքները, լիցենզիան էլ կասեցվել էր։ Fly Arna-ում պետությունը ներդրել էր առնվազն 4,8 մլրդ դրամ։

Մեկ այլ խոշոր ներդրում ANIF-ն իրականացնում էր արաբական «Մասդար» ընկերության հետ՝ Թալինի Դաշտադեմ գյուղում արևային էլեկտրակայան կառուցելու նպատակով։ Ազատություն ռադիոկայանը մարտին գրել էր, որ էլեկտրակայանի կառուցումը սկսված չէ, Դաշտադեմի վարչական ղեկավարն էլ տեղեկացրել էր՝ տարածքը ցանկապատված է, բայց շինարարություն չի սկսվել, թեպետ ըստ ժամկետների՝ այն պետք է վաղուց մեկնարկած լիներ։ Մարտին ՍիվիլՆեթը հարցում էր ուղարկել «Մասդար»՝ ներդրումային ծրագրի ապագայի հետ կապված, պատասխան չենք ստացել։

ANIF-ը համաֆինանսավորում էր տրամադրել Երևանի կենտրոնում Hard Rock ռեստորանի հիմնման համար։ Այս նպատակով ֆոնդը հանրային միջոցներից ծախսել էր առնվազն 500 000 դոլար։ Թեպետ պետական մասնաբաժնով ռեստորանը գործում է, այս ոլորտում ներդրում կատարելու նպատակահարմարության հարցը բարձրաձայնել է Արժույթի միջազգային հիմնադրամը՝ շեշտելով, որ ANIF-ը չպետք է ներդրումներ կատարի/կատարեր հանրային սննդի ոլորտում։

ANIF-ում 2023-ին ստուգումներ էր իրականացրել Պետական վերահսկողական ծառայությունը։ ՍիվիլՆեթը պարզել էր, որ ՊՎԾ-ի ստուգումներին զուգահեռ՝ ANIF-ը պայմանագիր էր կնքել Ernst and Young խորհրդատվական կազմակերպության հետ՝ աշխարհում ANIF-ի հետ համադրելի ֆոնդերում ղեկավար կազմի աշխատավարձերի ուսումնասիրություն իրականացնելու վերաբերյալ։ ANIF-ի ղեկավարները ենթադրաբար փորձել էին հիմնավորել իրենց բարձր աշխատավարձերն ու դրանց ձևավորումը, այդ նպատակով ծախսել ավելի քան 30 000 դոլար։

Ներկայում Քննչական կոմիտեում ANIF-ի գործունեության որոշ դրվագների հետ կապված քրեական վարույթ կա, դրանով դեռ մեղադրյալներ չկան։

Տես նաև՝ ԱՆԻՖ․ 4 մլրդ դրամ աշխատավարձերին և զրո հաշվետվողականություն

Մեկնաբանել