Հետաքրքիր է՝ որ երկրների մասին է խոսել Հայաստանի վարչապետը․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր մասնակցել է 2020-ի պատերազմի նախապատրաստությանը։ Այս համատեքստում Զախարովան մեջբերել է 2020-ի հոկտեմբերի 17-ին ռուսական հեռուստաընկերության եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը՝ «որպեսզի Հայաստանն իրեն լքված և մոռացված չզգա»։

«Անկեղծ ասած, հետաքրքիր է, թե որ երկրների մասին է խոսել Հայաստանի վարչապետը։ Մենք պետք է ինքներս գլխի ընկնե՞նք, թե՞ մեզ հետո կասեն։ Տրամաբանական կլիներ անուններ նշելը, եթե խոսքն այդպիսի լուրջ հայտարարությունների մասին է»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի առաջին օրերից ռուսական կողմը ակտիվ քաղաքական-դիվանագիտական ջանքեր է գործադրել կրակի դադարեցմանը հասնելու համար։ Պատերազմի ժամանակ Ռուսաստանի ձեռնարկած քայլերը վկայող հայտարարություններն ու հաղորդագրությունները, ըստ Զախարովայի՝ հրապարակված են Կրեմլի և արտգործնախարարության կայքերում։

«Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահը բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել Ալիևի և Փաշինյանի հետ։ Հոկտեմբերի 10-ին արտգործնախարարների եռակողմ հանդիպում է կայացել։ Հիշեցնեմ, որ կրակի դադարեցման մասին պայմանավորվածության ստորագրումը հնարավոր էր դեռ հոկտեմբերին։ Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահը համոզել էր Ադրբեջանի ղեկավարին դադարեցնել պատերազմը, վերջինս պատրաստ էր գնալ այդ քայլին, բայց Հայաստանի վարչապետը պնդել է, որ ռազմական գործությունները շարունակվեն։ Դա հանգեցրեց Շուշիի գրավմանը, որը ճանապարհ էր բացել դեպի Ստեփանակերտ։ Սա բոլորը լավ հիշում են»,- ասել է նա։

Զախարովան նշել է, որ Ռուսաստանի նախագահի ջանքերով ի վերջո հաջողվեց հասնել կրակի դադարեցման մասին նոյեմբերի 9-ի հայտարարությանը․ «Այդ փաստաթուղթը և դրանից հետո 2021-2022 թվականներին կնքված եռակողմ պայմանավորվածությունները մնում են այլընտրանք չունեցող ճապարահային քարտեզ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում»,- եզրափակել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը։

***

Մայիսի 22-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ուզում եմ ուղիղ ասել՝ 2020-ի նախապատրաստությանը մասնակցել են մեր դաշնակիցները ու ես ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Այդ երկրները հնարավոր է իմիտացիա են ուզում ստեղծել, թե մեզ օգնել են կամ օգնում են, բայց ուզում եմ ասել՝ այդ պատերազմը նույնիսկ Լեռնային Ղարաբաղի մասին չի եղել»,- հայտարարեց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ այդ պատերազմի նպատակը եղել է ՀՀ-ի չգոյությունը։

Մեկնաբանել