ՊԵԿ նախագահը և ԵՄ դեսպանը շրջայց են կատարել Մարգարայի անցակետում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը շրջայց են կատարել հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետում, հայտնում են ՊԵԿ լրատվական բաժնից։

Դեսպանին ներկայացվել է անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, ընթացակարգերի կիրառման և կազմակերպման հերթականությունը:

«Անցակետի հիմնական շինարարական աշխատանքներն իրականացվել են կարճ ժամանակահատվածում՝ մոտ վեց ամսվա ընթացքում, կապիտալ նորոգումն ամբողջությամբ ավարտվել է։ Այստեղ կառուցվել են հարմարավետ սպասարկման սրահ, խորը զննման անգար, բեռների ձևակերպման համար նախատեսված տաղավարներ և պահեստ, ավտոկայանատեղիներ, բարեկարգված ընդարձակ հրապարակ և միջազգային չափանիշներին համահունչ այլ ենթակառուցվածքներ՝ հագեցած ժամանակակից տեխնիկական սարքավորումներով»,- ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի կառավարության ապրիլի 21-ի որոշմամբ 733 միլիոն դրամ էր հատկացվել հայ-թուրքական սահմանին՝ Մարգարա գյուղում, մաքսակետ կառուցելու նպատակով։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները ևս երեք հանդիպում են անցկացրել Վիեննայում։

2022-ի հուլիսի 1-ին Ռուբինյանը և Քըլըչը Վիեննայում հանդիպման ընթացքում պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։

Մեկնաբանել