Լոռիում Դեբեդի վարարման հետևանքով զոհվածների թիվը հասավ չորսի․ Սանոսյան

Մայիսի 26-ին տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով զոհվածների թիվը հասավ չորսի․ հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, օպերատիվ շտաբի ղեկավար Գնել Սանոսյանը։

Ըստ օպերատիվ շտաբի ղեկավարի՝ ընդհանուր առմամբ, 17 կամուրջ ունենք փլված: Դրանց մի մասը համայնքային նշանակության փոքր կամուրջներ են, բայց առնվազն 5-6 կամուրջ կա, որոնք բավականին խոշոր կամուրջներ են:

«Գիշերը կարողացանք տեխնիկաները հասցնել Ախթալայի ուղղությամբ, որտեղ 5 բնակավայրեր կտրված են 2 կամուրջների փլուզման հետևանքով։ Այնտեղ կա դաշտային ճանապարհ, որտեղով կարողացել ենք բարձր մեքենայով հղի կնոջ տեղափոխել»,- հայտնել է Սանոսյանը։

Լոռու մարզում 2 500 բնակիչ զրկված է էլեկտրաէներգիայի մատակարարումից: Շուրջ 1 000 բնակիչ էլ Տավուշի մարզում է զրկված էլեկտրաէներգիայի մատակարարումից, հայտնել է Սանոսյանը։

Մինչդեռ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 269, փրկվել` 120 մարդ, մասնավորապես, 347 մարդ՝ Լոռու մարզում և 42 մարդ՝ Տավուշի մարզում:

Լոռիում և Տավուշում աղետի վերաբերյալ ավելի մանրամասն՝

Մեկնաբանել