Զինծառայող Արարատ Արոյանը մահացել է զորավարժության ժամանակ

Զինծառայող Արարատ Արոյանը մահացել է զորավարժության ժամանակ, հայտնում է Քննչական կոմիտեն։

«Մայիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել, որ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժարանում զինտեխնիկան վարման ընթացքում պատահական բախվել է կայանված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի թափքին, որի արդյունքում թափքում գտնվող նույն զորամասի զինծառայող Ա․ Արոյանը նույն օրը՝ ժամը 11։30-ի սահմաններում, ճակատաքունքային հատվածում ստացած վնասվածքներով ընդունվել է կայազորի զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 13։40-ին վերջինս մահացել է»,- ասված է հաղորդագրությունում։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ խոշոր չափերի գույքային վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են ականատես մի շարք անձինք, վկաներ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարույթային այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, պատասխանատուների և մեղավորների շրջանակն ի հայտ բերելու և նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 26-ին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել զորամասերից մեկի զինծառայող Արարատ Արամի Արոյանը․ «Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել»,- տեղեկացրել էր ՊՆ-ը։

Մեկնաբանել