Հարևան երկրներում սիբիրախտով հիվանդների թվերը եռանիշ են. գլխավոր վարակաբան

Սիբիրախտի վիճակը վերահսկվում է մի քանի գերատեսչությունների կողմից՝ առողջապահության նախարարության, գյուղատնտեսության նախարարության, ոստիկանության և այլ տեսչությունների կողմից. «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման տաղավարում նշեց ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:

«Բժիշկների գերնպատակն է այս պահին. եթե կան հիվանդներ, դրանց վաղ հայտնաբերել և բուժում սկսել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ դիմողներն այս պահին բավական շատ են, և թեպետ երբեմն ակնհայտորեն այլ վերքեր են իրենց ներկայացվում, սակայն պաշտոնապես հայտարարել, որ նրանք սիբիրախտի վարակակիր չեն, ինքը կարող է միայն լաբորատոր փորձաքննության տվյալները ստանալուց հետո:

Ասոյանը նշեց, որ այն տարածաշրջաններում, ուր իրենք հետազոտություն են իրականացնում, թեթևակի խուճապային դրություն է, և մարդիկ հետազոտության են ներկայացնում նույնիսկ փոքրիկ երեխաների քերծվածքներն ու վերքերը: «Լավ է,- ասաց նա,- թող շատերը դիմեն, միայն թե իրական հիվանդներին բաց չթողնենք»:

«Հիվանդության աղբյուրը մեկ գյուղ է, բայց մենք դեռ պետք է իմանանք, թե այդ գյուղում վարակը որտեղից: Մենք շրջապատված ենք հարևաններով՝ Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան, և ես իմ գործընկերների հետ հանդիպումներից կարող եմ ասել, որ այդ երկրներում իրավիճակն ավելի սրված է,- նշեց Ասոյանը, – վերջին գիտաժողովի ժամանակ իմացա՝ այս երկրներում սիբիրախտով հիվանդների թվերը եռանիշ են»:

Նա նշեց, որ հիվանդ կենդանիները պետք է միանշանակ ենթարկվեն սպանդի, այրվեն և թաղվեն, իսկ այդ տարածքը համապատասխան նյութերով վարակազերծվի: «Այստեղ մի պարզ ճշմարտություն կա. եթե բոլոր կենդանիները ժամանակին պատվաստվեին, այսօր մենք վարակ չէինք ունենա,- ասաց նա:- Սիբիրախտը փնթի կենցաղի արդյունք է: Սիբիրախտով հիվանդ կենդանուն մորթածներն ու դրա միսն իրացրածները կասկածելի խղճի տեր մարդիկ են: Բայց միայն դա չէ. մենք դժվարանում ենք հիմա այդ վարակված միսն առգրավել: Միգուցե անգրագիտության արդյունք է, բայց փաստն այդ է»:

Նա հիշեցրեց, որ այս վարակի մուտքի դարպասներից մեկը մսավաճառների ձեռքերն են, որ մեզ մոտ բուժվում են շատ հաջող, իսկ երկրորդը՝ աղիքային վարակն է, որը հիմնականում հնարավոր չի լինում բուժել: «Շատ լավ է, որ մեր երկրում հումակերություն չկա, այդ առումով՝ մենք բավական լավ դիրքում ենք»,- նշեց նա:

Ասոյանը հորդորեց ևս մեկ շաբաթ ուշադիր լինել, քանի որ դեռ մի շարք մարդիկ, թերևս, պահում են այդ միսն ու պատրաստվում դա իրացնել կամ օգտագործել կենցաղում: Այս մեկ շաբաթում, ըստ նրա, նախատեսվում է, որ կբացահայտվեն բոլոր դեպքերն ու վերջնական կճշտվի հիվանդության վիճակագրությունը:

Նա նշեց նաև, որ սիբիրախտի բուժումը իրականացվում է բացառապես պետպատվերի շրջանակում: «Գիտե՞ք, ես աշխատում եմ շատ չծանրացնել այս հիվանդության բարդ կողմերը, սակայն պետք է հիշել, որ սա սիբիրախտ է, և այս հիվանդների բուժման հարցում որևէ թերացում ուղղակի բացառվում է»,- նշեց նա:

Մեկնաբանել