Սիրիահայերի խնդիրները քննարկվել են սփյուռքի նախարարությունում

Հոկտեմբերի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են համահայկական հոգևոր և աշխարհիկ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինչպես հաղորդում են սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից, խորհրդակցության նպատակը Հայաստանում գտնվող սիրիահայերի հիմնախնդիրների քննարկումն էր, այդ ուղղությամբ կատարված աշխատանքի գնահատումը և հիշյալ կառույցների կողմից առաջիկա անելիքների ճշգրտումը:

Սփյուռքի նախարարը ևս մեկ անգամ նշել է, որ սիրիահայերի հիմնախնդիրները ՀՀ նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում են, և արդեն ընդունվել են ՀՀ կառավարության, ինչպես նաև համապատասխան գերատեսչությունների՝ մեկ տասնյակից ավելի որոշումներ, կատարվել են օրենսդրական մի շարք փոփոխություններ:

Զեկույցով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նշվել է, որ սիրիահայերը հնարավորություն ունեն անվճար բուժօգնություն ստանալ առաջնային բուժսպասարկման ոլորտում, դյուրացվել է անձնագրերի և երկիր մուտք գործելու արտոնագրերի տրամադրման գործընթացը: Զրոյացված են փաստաթղթերի ժամկետանց լինելու պարագայում սահմանված տույժերը: Չեն գանձվում մեքենաների ժամանակավոր ներմուծման դեպքում սահմանված մաքսային վճարները: Երևանում գործում է սիրիական կրթական ծրագրով դպրոց, որտեղ սովորում է 270 աշակերտ, դասավանդում են սիրիահայ ուսուցիչներ: Սիրիահայերի կողմից ստեղծվել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է Հայաստանում գտնվող սիրիահայերի խնդիրների համակարգմամբ, նյութական աջակցության կազմակերպմամբ:

Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման նպատակով գումարվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ձևակերպվել է առաջ քաշված հիմնախնդիրների ցանկը և ներկայացվել է ՀՀ վարչապետին:

Ըստ զեկույցների՝ նշանակալի աշխատանք է կատարել Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, որը պատրաստակամություն էր հայտնել աջակցություն ցուցաբերել սիրիահայ ուսանողների ուսման վարձի, մարզերում բնակություն հաստատել ցանկացողների բնակարանի վարձի վճարման հարցում: ՀԲԸՄ-ի տրամադրած գրասենյակային տարածքում գործում է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

Համազգային հայ կրթական և մշակութային միության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը ներկայացրել է ՀՅԴ կողմից ստեղծված «Օգնի´ր եղբորդ» նախաձեռնությունը՝ սիրիահայերին պարենամթերքով աջակցելու, շուրջ 60 տոննա սննդամթերք հավաքագրելու գործընթացի մասին:

Ըստ Հայ օգնության միության ներկայացուցիչ Նարինե Գալստյանի՝ յուրաքանչյուր ուրբաթ օր հանդիպումներ են կազմակերպվում «Արամ Մանուկյան» կենտրոնում, ճշգրտվում են սիրիահայերի պահանջներն ու ցանկությունները: Ըստ այդմ՝ շուրջ 220 սիրիահայի հագուստ և կոշիկ, 160 ընտանիքի պարենամթերք է տրամադրվել, առաջիկայում կբաժանվեն նաև ծածկոցներ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանը տեղեկացրել է, որ վերանայումներ են կատարվել հիմնադրամի ծրագրերում, ըստ որոնց՝ նոյեմբերին հավաքվելիք գումարի 10 տոկոսը տրամադրվելու է Հայաստանում ապրող սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանը:

ՀՄԸՄ «Հասկ» ՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանը տեղեկացրել է, որ ծրագրեր են իրականացվում՝ սիրիահայ երիտասարդների հայաստանյան առօրյան կազմակերպելու ուղղությամբ:

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ ներկայացուցիչ Աիդա Խաչատրյանի տեղեկացմամբ՝ իրենց կողմից ծրագրեր են մշակվել և ներկայացվել Գերմանական կողմին՝ առավել կարիքավոր ընտանիքներին շուրջ 150 եվրո ամենամսյա օգնություն ցուցաբերելու նպատակով:

Ըստ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական ՀԿ ղեկավար Կամո Տեր-Պետրոսյանի՝ վերաձևակերպվել է իրենց գործունեությունը. շուրջ 50 հազ. դոլար հավելյալ ֆինանսավորում է հատկացվել սիրիահայերի առողջապահական խնդիրների համար: Հատուկ հրահանգով սիրիահայերի 1-14 տարեկան երեխաները սպասարկվում են արտահերթ և անվճար:

«Վերադարձ Հայաստան» ՀԿ նախագահ Վարդան Մարաշլյանը տեղեկացրել է, որ իրենց կազմակերպությունը անհատական աշխատանք է տանում սիրիահայերի հետ, փորձում աջակցել նրանց աշխատանքի տեղավորման ուղղությամբ:

«Հայաստանյան կլոր սեղան» հիմնադրամի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իրենք համագործակցում են միջազգային կառույցների հետ՝ փորձելով նյութական աջակցություն ստանալ:

Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ նշանակալի գործունեություն են ծավալել նաև «Տաշիր» հիմնադրամը, Ռուսաստանի հայերի միությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը:

ՀՀ սփյուռքի նախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել առանցքային մի քանի հիմնահարցերի վրա, ինչպիսիք են Հայաստանում գտնվող սիրիահայերի աշխատանքի տեղավորման, բնակարանով ապահովման հարցերը: Նախարարը նշել է, որ սիրիահայերի կողմից բարձրացված բոլոր ընդհանրական խնդիրները ստացել են համապատասխան լուծումներ, մինչդեռ ժամանակի ընթացքում առաջանում են նոր խնդիրներ, որոնք անհապաղ ուշադրություն են պահանջում: Նախարարը կարևորել է սիրիահայերի համար Հայաստանում սեփական գործ հիմնելու հնարավորության ստեղծումը, ինչը կնպաստի նաև աշխատատեղերի ավելացմանը:

Խորհրդակցության ավարտին ներկաները պատրաստակամություն են հայտնել առավել համակարգված համագործակցել միմյանց հետ, նախանշվել են հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: