Թուրքիայի և Մոլդովայի միջև հաստատվել է անայցագիր ռեժիմ

Թուրքիան և Մոլդովան վերացրել են այցագրային ռեժիմը, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:

Անայցագիր ռեժիմի անցման մասին համաձայնագիր են ստորագրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը:

Համատեղ մամուլի ասուլիսում Ֆիլատը հույս է հայտնել, որ այս համաձայնագրի ստորագրումից հետո ավելի շատ Մոլդովայի քաղաքացիներ կայցելեն Թուրքիա: Մոլդովան այսպիսով դառնում է 63-րդ երկիրը, ուր առանց վիզայի կարող են մուտք գործել Թուրքիայի քաղաքացիները:

Մոլդովայի վարչապետը նշել է նաև, որ Թուրքիան տարածաշրջանի առաջատար երկրներից է: Անդրադառնալով երկու երկրների միջպետական հարաբերություններին` Ֆիլատն ընդգծել է, որ Թուրքիայի հետ գործընկերությունը մի կողմից պատիվ է, մյուս կողմից` պատասխանատվություն:

Մոլդովայի վարչապետի պաշտոնական այցի շրջանակում Մոլդովայի և Թուրքիայի միջև ստորագրվել է միջպետական բնույթի ևս վեց համաձայնագիր:

Մեկնաբանել