«Արմավիայի» վարկանիշն անփոփոխ է՝ անկախ պարտքերից

Անկախ պարտքային խնդիրներից ու գործընկերների շրջանում վստահության կորստից՝ «Արմավիա» ազգային ավիափոխադրողը ըստ Կենտրոնական բանկի շարունակում է մնալ ներդրումների համար գրավիչ ընկերություն։

Ֆինանսական շուկայի զարգացման, կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կայացման և ձեռնարկությունների թափանցիկության խթանման նպատակով Կենտրոնական բանկը 2005-ից իրականացնում է հայկական ձեռնարկությունների վարկանշում: Վարկանիշերը տրվում են հայկական այբուբենի տառերով: Առավելագույն է համարվում «Ա+» վարկանիշը, նվազագույնը՝ «Զ» վարկանիշը: Ընդ որում «Ա+»-ից մինչև «Գ-» վարկանիշերը համարվում են ներդրումային, «Դ+»-ից «Զ»-ն՝ ոչ ներդրումային: Չնայած հայտարարվող նպատակադրությանը, այս վարկանիշներն ավելի շատ ձևական բնույթ են կրում, քանի որ Կենտրոնական բանկում խուսափում են վերանայել պարտքային ակնհայտ խնդիրներ ունեցող ընկերությունների վարկանիշները։

Օրերս ԿԲ-ն հրապարակվել է վարկանիշային նոր ցանկ. որքան էլ զարմանալի թվա, 42 ընկերությունների շարքում 6-րդը «Արմավիա» ավիաընկերությունն է՝ «Գ+» վարկանիշով։

Ուշագրավ է, որ «Արմավիայի» վարկանիշը չի վերանայվել 2010թ. օգոստոսից, և սա այն դեպքում, երբ ավիափոխադրողը ընթացիկ տարում պարտքային խնդիրներ է ունեցել ինչպես «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի, այնպես էլ ռուսական «Ռոսավիացիայի» հետ։ «Զվարթնոցը» օդանավակայանը հոկտեմբերի երկրորդ կեսին ստիպված է եղել նույնիսկ մի քանի անգամ դադարեցնել ավիաընկերության չվերթները սպասարկումը, մինչև պարտքի մարումը։ Նույնիսկ նման պայմաններում ԿԲ-ն «Արմավիայի» վարկանիշի վերանայման անհրաժեշտություն չի տեսել։

Ըստ ԿԲ վարկանշման պայմանների՝ վարկանիշը շնորհվում է և վերանայվում է հիմք ընդունելով ընկերության ֆինանսական վիճակը, տարեկան և կիսամյակային ֆինանսական հաշվետվությունները։ Այս առումով ևս փաստերը «Արմավիայի» օգտին չեն. 2010-2011 թթ. ավիափոխադրողը շահույթ չի ունեցել։

«Արմավիայից» բացի «Գ+» վարկանիշ է շնորհվել, օրինակ, մոլիբդենի և ֆեռոմոլիբդենի արտադրությամբ մասնագիտացված «Մաքուր երկաթի գործարանին», որի ֆինանսական ցուցանիշերը շատ ավելի բարվոք վիճակում են։ 2012թ. երկրորդ եռամսյակում ընկերությունը Դ1,8 մլրդ-ի զուտ շահույթ է ունեցել։ Ուշագրավ է, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի («Արմենիան Քափըր Փրոգրամ»)ֆինանսական վիճակը (վարկանիշը «Գ») ավելի վատթար է, քան «Արմավիայինը»։

«Արմավիայի» նկատմամբ ԿԲ լոյալությունը ամենայն հավանականությամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ ֆինանսական խնդիրների առաջ կանգնած ընկերությունը նաև լուրջ վարկային պարտավորություններ ունի բանկային համակարգին։ Սեպտեմբերի վերջի դրությամբ ընկերությունը հայկական բանկերին պարտք էր $20 մլն։ Հատկանշական է, որ թեև «Արմավիան» պարտքեր ունի «Զվարթնոցին», Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանին, սակայն բարեխիղջ վարկառու է։

Հնարավոր է՝ ԿԲ-ն չի վերանայել «Արմավիայի» վարկանիշը՝ խուսափելով խուճապային տրամադրություններ ստեղծել բանկային համակարգում։ ՍիվիլՆեթ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ անկախ «Արմավիայի» պարտքային խնդիրներից, բանկերը դեռևս չեն դիտարկում ընկերությանը տրամադրած վարկերի դասակարգման տարբերակը։

ԿԲ վարկանշման գործընթացում ընտրողական մոտեցումը նվազեցնում է գլխավոր դրամատան վարկանիշների նկատմամբ վստահությունը։

Մեկնաբանել