Նյու Յորքի քաղաքապետը ընտրություններում աջակցում է Օբամային

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարել է ԱՄՆ-ի՝ նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում գործող նախագահ Բարաք Օբամային աջակցելու մասին, հաղորդում է BBC-ն։

Բլումբերգը, որն անկախ քաղաքական գործիչ է համարվում, մինչ այժմ քննադատորեն էր տրամադրված ինչպես դեմոկրատ Օբամայի, այնպես էլ ընտրություններում նրա մրցակից, հանրապետական Միթ Ռոմնիի նկատմամբ։ Սակայն ինչպես ասել է Նյու Յորքի քաղաքապետը, Օբաման մյուսներից լավ է պայքարում կլիմայի գլոբալ փոփոխությունների դեմ, և իր՝ ԱՄՆ գործող նախագահին աջակցելու որոշման վրա հատկապես ազդել են վերջինիս գործողությունները՝ ի պատասխան ավերիչ «Սենդի» փոթորկի հետևանքների։

Հիշեցնենք, որ «Սենդին» ԱՄՆ-ի արևելյան ափ հասավ այս երկուշաբթի լույս երեքշաբթի գիշեր։ Փոթորկի ուժեղ հարվածի հետևանքով ԱՄՆ-ում համաձայն վերջին տվյալների՝ զոհվել է 96 մարդ։ ԱՄՆ-ի կառավարությունն ավելի քան $3,4 մլն է հատկացրել Նյու Ջերսի, Նյու Յորք և Կոնեկտիկուտ նահանգների՝ «Սենդի» փոթորկից տուժած բնակիչներին։ Երեքշաբթի այս նահանգների իշխանությունների՝ դաշնային բյուջեի միջոցների օգտագործմանը հավանություն է տվել Օբաման։

Ավելի վաղ «Սենդին» ավելի քան 60 մարդու մահվան պատճառ էր դարձել Կարիբյան ավազանի երկրներում։

Մեկնաբանել