Գյուլ-Էրդողան լարվածությունը թուլանում է

Թուրքիայում հանրապետության հռչակման 89-ամյակի օրը ի հայտ եկած տարաձայնություններից հետո Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ հանդիպել են, գրում է թուրքական Radikal-ը:

Էրդողանի և Գյուլի հարաբերություննեը լարվել էին Հանրապետության օրը Անկարայում կազմակերպված ցույցի արգելքի կապակցությամբ: Ոստիկանությունն արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների օգնությամբ ցրել էր ցույցը, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել թուրքական հասարակության շրջանում:

Թուրքական մամուլի հաղորդմամբ` Գյուլը հանձնարարել էր չցրել չարտոնված ցույցը, որ երկրում լարվածություն չառաջանա: Այս հանգամանքը զայրացրել էր Էրդողանին, որն ասել էր, թե Թուրքիայում չպետք է «երկգլխանի կառավարում» լինի: Աբդուլլահ Գյուլն էլ իր հերթին պատասխանել էր, որ «երկգլխանի կառավարում» Թուրքիայում գոյություն չունի: Թուրքական մամուլում Թուրքիայի առաջնորդների այս հակասությունը լայն արձագանք էր գտել: Լրատվամիջոցները գրում էին նաև, որ սա տարաձայնությունների առաջին դեպքը չէ Թուրքիայի առաջնորդների միջև:

Հայտնի է դարձել, որ Գյուլ-Էրդողան հանդիպման ընթացքում քննարկվել է նաև «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդական կուսակցության անդամներին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

Մեկնաբանել