Այսօր Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանը դառնում է 40 տարեկան

Այսօր Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանը դառնում է 40 տարեկան:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ հայկական ֆուտբոլի բազմահազար երկրպագուների անունից շնորհավորում ենք Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանին ծննդյան օրվա առիթով: Մաղթում ենք առողջություն և նոր ձեռքբերումներ:
Նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպման ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի երկարամյա պաշտպանը «Մեծ ֆուտբոլում» կլինի վերջին անգամ: Տոնական, հիշարժան եւ խորհրդանշական է լինելու Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը Սարգիս Հովսեփյանի համար: Սեպտեմբերի 20-ին Սարգիս Հովսեփյանը պաշտոնապես հայտարարեց ֆուտբոլիստի իր կարիերան ավարտելու մասին: Սարգիս Հովսեփյանը 20 տարի շարունակ հանդես է եկել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում, իսկ Հարություն Վարդանյանի հեռանալուց հետո կրել է նաև ավագի թևկապը: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի գրեթե բոլոր լավագույն ֆուտբոլիստները հավաքվել էին Երևանի “Արարատում”: Սակայն մյուս թիմերում էլ կային խաղացողներ, որոնք ժամանակի ընթացքում դարձան Հայաստանի հավաքականի անփոխարինելի խաղացողներ: Դրանցից մեկն էլ ՀՄԸՄ-ում հանդես եկող Սարգիս Հովսեփյանն էր: Հիանալի անցկացնելով 1992 թ. մրցաշրջանը` 20-ամյա Սարգիս Հովսեփյանը ոչ միայն դարձավ Հայաստանի չեմպիոն “ՀՄԸՄ”-ի կազմում (միավորների հավասարության պատճառով ՀՄԸՄ-ն այդ կոչումը կիսեց “Շիրակի” հետ), այլև ճանաչվեց Հայաստանի անդրանիկ առաջնության լավագույն ֆուտբոլիստ: 1995 թ. Սարգիսը երկրորդ անգամ ճանաչվեց լավագույնը Հայաստանում: Հանդիսանալով նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջատար խաղացողներից մեկը՝ Սարգիս Հովսեփյանը 1998 թ. տեղափոխվեց Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»: Սարգսի խաղում գլխավոր առավելությունն արագությունն էր: Այդ տարիներին Սարգիսը Եվրոպայում էլ արագությամբ չէր զիջում գրեթե ոչ մի հարձակվողի: Հավանաբար նաև այդ հանգամանքը հաշվի առնելով՝ “Զենիթի” մարզիչները առաջին մրցաշրջանում Հովսեփյանին խաղացնում էին աջ եզրային կիսապաշտպանի դիրքում: Միայն հաջորդ մրցաշրջանում Հովսեփյանը վերադարձավ պաշտպանության: “Զենիթի” կազմում Հովսեփյանը նվաճեց Ռուսաստանի գավաթը և Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալները, ինչպես նաև, որ ամենակարևորն է, սանկտ-պետերբուրգցի երկրպագուների սերն ու համակրանքը. “Самый лучшый из армян- это Саркис Овсепян“ վանկարկումը գրեթե բոլոր խաղերին լսելի էր “Պետրովսկի” մարզդաշտում: Հեռանալով «Զենիթից»՝ Հովսեփյանը տեղափոխվեց «Տորպեդո-Մետալուրգ», սակայն այստեղ նրա գործերն այնքան էլ հաջող չընթացան, և նա ստիպված եղավ վերադառնալ «Փյունիկ»: Սկսած 2004 թվականից՝ երկրպագուներին ամեն տարի թվում էր, որ Սարգիս Հովսեփյանը կավարտի իր կարիերան, սակայն Հովսեփյանը կարողանում էր արժանի խաղով ապացուցելով, որ անփոխարինելի է հայկական ֆուտբոլում: Հիանալի անցկացնելով 2008թ. մրցաշրջանը՝ Հովսեփյանը 3-րդ անգամ իր կարիերայում դարձավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: 2009 թ. սեպտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը երկարատև ընդմիջումից հետո վերջապես հաղթանակ տարավ պաշտոնական խաղում՝ 2-1 հաշվով հաղթելով Բելգիայի հավաքականին: Այդ խաղում Սարգիս Հովսեփյանը դարձավ փայլուն գոլի հեղինակ՝ ապացուցելով, որ իսկական ավագ է և առաջատար: 2010-ին, երբ կրկին հաճախացել էին խոսակցությունները, որ Սարգիս Հովսեփյանը հրաժեշտ կտա «Մեծ ֆուտբոլին», վերջինս Անդորրայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ այնպիսի արագությամբ անցում իրականացրեց, որ շատ երիտասարդներ ուղղակի կնախանձեին: 2011 թ. սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը 1-0 հաշվով հաղթում էր Սլովակիայի հավաքականին մրցակցի հարկի տակ: Սլովակների արագ հակագրոհից հետո հենց Սարգիս Հովսեփյանը դատարկ դարպասից դուրս բերեց գնդակը: Համոզված եմ՝ չլիներ այդ դրվագը, չէր լինի նաև մեր պատմության մեջ ամենափառահեղ հաղթանակը: Մեկ ամիս անց Սարգիս Հովսեփյանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից պարգևատրվեց ՖԻՖԱ-ի հատուկ մրցանակով՝ որպես հավաքականում 100-ից ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստ: 2012 թ. սեպտեմբերի 20-ին Սարգիս Հովսեփյանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Հայաստանի ազգային հավաքականում Սարգիս Հովսեփյանն անցկացրել է 131 խաղ` 20 տարում, իսկ ընդհանրապես Սարգիս Հովսեփյանը խաղադաշտում եղել է 604 անգամ:

Մեկնաբանել