Ինչպես չձախողել

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն և Հարվարդի պրոֆեսոր Ջեյմս Ռոբինսոնը իրենց «Ինչու են պետությունները ձախողում» (Why Nations Fail) աշխատության մեջ պետությունները, հասարակությունները բաժանում են երկու տեսակի՝ ընդգրկուն (inclusive) և կեղեքող (extractive): Գրքի հեղինակները առաջ են քաշում այն թեզը, որ պետությունները ձախողում են, երբ չեն կարողանում ստեղծել ընդգրկուն քաղաքական ինստիտուտներ, որոնցից, ըստ նրանց, կախված է առաջընթացն ու աճը: Նրանք նշում են, որ աշխարհագրությունը էական դեր չունի տնտեսական աճի համար և որ կարևորը քաղաքական ինստիտուտներն են: Գրքի հեղինակները բազմաթիվ օրինակներ են բերում՝ Հին Հռոմից, Վենետիկից, Անգլիայում Ազատությունների մեծ խարտիայից մինչև Պանծալի հեղափոխությունը՝ հիմնավորելով, որ ընդգրկուն քաղաքական ինստիտուտների առկայությունն է հնարավորություն տվել, որ այդ երկրները զարգանան և, հակառակը, անկումը եկել է, երբ այդ ինստիտուտները աստիճանաբար դարձել են կեղեքող:

Ամերիկացի մեկ այլ տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը Foreign Affairs հանդեսում հրապարակած հոդվածում, որը վերնագրված է «Կառավարություն, աշխարհագրություն և աճ» (Government, Geography, and Growth), հակադարձում է Աճեմօղլուին և Ռոբերտսոնին՝ նշելով, որ աշխարհագրությունը էական նշանակություն ունի այս կամ այն հասարակության զարգացման համար և որ բազմաթիվ են դեպքերը, երբ ոչ թե ընդգրկուն քաղաքական ինստիտուտներն են նպաստել աճին, այլ հակառակը՝ տնտեսական աճն է նպաստել, որ քաղաքական ինստիտուտները կեղեքողից դառնան ընդգրկող: Նա օրինակներ է բերում՝ Հարավային Կորեան, Վիետնամը, Սինգապուրը, Թայվանը և վերջապես՝ Չինաստանը:

Այս զուտ գիտական բանավեճի մեջ կարծես լռելյայն համաձայնություն կա մի հարցում, որ քաղաքական ինստիտուտները սկզբում, թե վերջում, միևնույն է՝ դառնում են ընդգրկուն (կամ կիսաընդգրկուն):

Իսկ ո՞ր ճանապարհի վրա է Հայաստանը

Վերոնշյալ բանավեճը խիստ արդիական է Հայաստանի զարգացման ճանապարհն ընկալելու տեսանկյունից: Եթե Աճեմօղլուի և Ռոբերտսոնի եզրաբանությամբ դատենք, ապա Հայաստանն այսօր կեղեքող հասարակություն է: Ընդ որում՝ կեղեքող հասարակություն է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ինստիտուտների առումով, որովհետև քաղաքական բոլոր ինստիտուտները ծառայում են նեղ խմբի շահերին, իսկ տնտեսական ինստիտուտները հնարավորություն չեն տալիս, որ էվոլյուցիոն զարգացման արդյունքում ազատականացվեն քաղաքական ինստիտուտները: Այսինքն՝ Հայաստանը նման չէ ո՛չ արևելասիական երկրներին, որոնք բռնապետության պայմաններում աճի միջոցով աստիճանաբար անցում են կատարել առավել ազատական քաղաքական համակարգի, ո՛չ էլ՝ արևմտաեվրոպական երկրներին, որտեղ առաջընթացն սկսել է քաղաքական ինստիտուտների ազատականացումից:

Մեզ համար առավել կարևորը, սակայն, այլ հարց է՝ ո՞ր ճանապարհով շարժվել աճ և բարեկեցություն ունենալու համար՝ արևելասիակա՞ն, թե՞ արևմտաեվրոպական: Ավելին, ո՞ր ճանապարհով շարժվել թշնամական աշխարհաքաղաքական միջավայրում մրցունակ լինելու և քարտեզի վրայից չանհետանալու համար:

Հարևանների համեմատությամբ մի շարք մրցակցային առավելություններից զուրկ Հայաստանը թերևս պետք է կարողանա երկու ճանապարհները մեկ դարձնել՝ տնտեսական ինստիտուտների ազատականացմանը հավասար բացելով քաղաքական ինստիտուտները:

Մեկնաբանել