Մենք էլ շատերի մասին շատ բաներ կարող ենք ասել. Սուքիաս Ավետիսյանը` ՀՅԴ-ին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է կրթության և գիտության նախարար, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի` ՀՅԴ-ի մասին արած հայտարարությանն ի պատասխան ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հայտարարությանը:

«Դաշնակցական մեր որոշ գործընկերների ջղաձիգ ու նյարդային արձագանքն իրենց հայտարարության մասին տարածված կարծիքներին, կարծում եմ` հարիր չէ քաղաքական մշակութի զարգացման ջատագով հանդիսացող կուսակցության ներկայացուցիչների համար:

Նախ, քաղաքական բազմակարծությունն ու ազատ արտահայտվելու իրավունքն է, որ կարող է բերել ժողովրդավարական հասարակության զարգացմանը:
Իսկ ընդդիմախոսներին լռեցնելու փորձերը դատապարտված են անհաջողության և հակաժողովրդավարական են: Եվ երկրորդը, քաղաքական բանավեճը, մտքերի փոխանակությունը փորձել վերածել անձնավորված գնահատականների և լրահոսային տեռորի, ավելի քան անթույլատրելի է: Մենք էլ շատերի մասին շատ բաներ կարող ենք ասել անձնական դաշտում… Բայց դա չէ ճիշտ ճանապարհը»,- ասված է Սուքիասյանի հայտարարությունում: