Հայկական լուրեր` թուրքական Açık ռադիոյի եթերում

Նոյեմբերի 10-ին թուրքական Açık ռադիոյի եթերում առաջին անգամ եթեր հեռարձակվեցին հայկական լուրեր` «Ռադիո Ակօս» խորագրով:

Այսուհետ ամեն շաբաթ օր` ժամը 9:00-10:30-ը, Açık ռադիոն 94.9 հաճախականությամբ իր ունկնդիրներին կներկայացնի Հայաստանում և Թուրքիայում շաբաթվա ընթացքում տեղի ունեցած գլխավոր իրադարձությունները, որոնք ներկայացված կլինեն Պոլսում լույս տեսնող «Ակօս» թերթում: Անդրադարձ կկատարվի նաև Թուրքիայի հայերի կյանքին, ինչպես նաև համաշխարհային հանրությանը հետաքրքրող խնդիրներին:

«Ռադիո Ակօս»-ի առաջին հաղորդմանը մասնակցել են «Ակօսի» աշխատակիցներ Ռոբեր Քոփթաշը, Բագրատ Էստուկյանը և Կարին Քարաքաշլըն: Հաղորդումը սկսվել է Թուրքիայում հայտնի հայ երգիչ Օնիկ Դինկչիյանի «Հավատամք» երգով:

Açık ռադիոյի առաջին ծրագրում ռադիոլսողներին ներկայացվել է ֆրանսահայ պատմաբաններ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի և Փոլ Հ. Փաբուջյանի «Հայերն Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության նախօրեին» աշխատության թուրքերեն թարգմանության պատմությունը: Առաջին հաղորդման նյութերից է եղել նաև Հրանտ Դինք հիմնադրամի` Մարդինում կազմակերպած միջոցառումը: Ունկնդիրներին է ներկայացվել նաև Բոմոնթիի հայկական նախակրթարանը  հայկական համայնքին վերադարձնելու, ինչպես նաև Դիարբեքիրի Սբ Կիրակոս հայկական եկեղեցում անցկացված պատարագի պատմությունը:

Նախատեսվում է, որ «Ռադիո Ակօսի» «Այբ-բեն-գիմ» բաժնում հայերենի ուսուցչուհի Շուշան Օզօղլուն ամեն շաբաթ մի քանի հայերեն բառ կսովորեցնի ռադիոյի ունկնդիրներին: