Ր. Հովհաննիսյանի նախընտրական հիմնադրամը էպոսագետի նվիրատվութան կարիքը չունի

Էպոսագետ Վարդան Սեդրակյանը, որ մտադիր է 2013թ. նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, պատրաստակամ է վճարել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` նախագահական ընտրությունների համար անհրաժեշտ 20 հազ. ԱՄՆ դոլար ընտրագրավը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վարդան Սեդրակյանը:

«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ Սեդրակյանը նվիրատվություն է անում նախընտրական հիմնադրամին, որի կարիքը իրենք չունեն: «Իսկ եթե Սեդրակյանի պատրաստ է Րաֆֆի Հովհաննիսյանին նյութապես աջակցել որպես թեկնածու, ապա նա փաստորեն հրաժարվում է 2013թ. նախագահական ընտրարշավին իր մասնակցությունից և դառնում է Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրողը»,- ասաց Խուրշուդյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհանիիսյանը հայտարարել էր, թե մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2013թ. նախագահական ընտրություններում: Անդրադառնալով «Ժառանգության» ֆինանսական խնդիրներին` նա հավելել էր, որ իրենք կկարողանան աղբյուրներ գտնել` քաղաքացիներից 100 միլիոն դրամ հանգանակելու համար:

Մեկնաբանել