Խոշոր հարկատուները շարունակում են աշխատել ստվերում

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից 468 խոշոր հարկ վճարողների մոնիթորինգի արդյունքներից երևում է, որ աշխատակիցների թվաքանակի 3,2% աճի պայմաններում պարտադիր սոցվճարները կրճատվել են 5,5%-ով։ Թեև խոշոր հարկատուների ձեռքում է կենտրոնացած ներկրման և արտահանման ավելի քան կեսը, նրանք ապահովում են պետբյուջեի հարկային եկամուտների 1/3-ը։

Պետական եկամուտների կոմիտեի կողմից 468 խոշոր հարկ վճարողների մոնիթորինգի ամփոփ ցուցանիշների վերլուծությունից երևում է, որ թեև այս տարվա ինն ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ընկերություններում աշխատակիցների ցուցակային թիվն ավելացել է 3,2%-ով՝ կազմելով մոտ 140 հազ., գործատուների կողմից վճարված սոցիալական ապահովության պարտադիր վճարները կրճատվել են 5,5%-ով՝ մինչև Դ17,6 մլրդ։ Եթե հաշվի առնենք, որ ինն ամիսներին խոշոր հարկատուների մոտ աշխատավարձերին ուղղվող միջոցների աճը կազմել է 7,4%, ապա պարտադիր սոցվճարների նվազումն առնվազն «ուշագրավ» է։

Խնդիրն այն է, որ ըստ «Սոցիալական ապահովության վճարների մասին» օրենքի՝ գործատուի պարտադիր վճարների ծավալն ուղղակիորեն կապակցված է աշխատակցի աշխատավարձին։ Մասնավորապես՝ Դ20 հազ-ից մինչև Դ100 հազ. աշխատավարձի դեպքում գործատուն վճարում է Դ7 հազ.՝ գումարած Դ20 հազ-ը գերազանցող գումարի 15%-ը։ Դ100 հազ-ը գերազանցող աշխատավարձի դեպքում վճարվում է Դ19 հազ. և Դ100 հազ. գերազանցող գումարի 5%-ը։

Այս տարվա ինն ամիսներին 468 խոշոր հարկ վճարողները ընդհանուր առմամբ պետբյուջե են վճարվել Դ210 մլրդ-ի հարկեր կամ պետբյուջեի հարկային մուտքերի 33,4%-ը։ Ըստ ՊԵԿ-ի՝ երրորդ եռամսյակում խոշոր այս հարկատուների կողմից պետբյուջե է փոխանցվել Դ67 մլրդ կամ հավաքագրված հարկային եկամուտների 49,6%-ը։ Ստացվում է, որ այս ընկերությունների վճարած հարկերի ծավալը չի արտացոլում նրանց մասնակցությունը տնտեսությունում։

ՊԵԿ-ի մոնիթորինգի ամփոփ ցուցանիշներից երևում է, որ տնտեսությունը շարունակում է կենտրոնանալ խոշոր տնտեսավարողների ձեռքում։ Այսպես՝ այս հունվար-սեպտեմբերին ներկրումների ընդհանուր ծավալն աճել է 1,2%-ով, 468 խոշոր հարկ վճարողների ներկրման ծավալները՝ 13,2%-ով։ Հայաստանի արտահանման 6% աճի պայմաններում այս ընկերությունների արտահանումն ավելացել է 10,1%-ով։ 468 խոշոր հարկ վճարողներին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման 71,3%-ը և ներմուծման 61,4%-ը։ Եվ եթե արտահանման կառուցվածքում խոշոր հարկատուների մասնաբաժինը անցած տարվա ինն ամիսների համեմատ այս տարի նվազել է 3,2-տոկոսային կետով, ապա ներմուծման մասնաբաժինն ավելացել է 2,1%-ով։ Ստացվում է, որ թեև 468 խոշոր հարկատուների ձեռքում ըստ էության կենտրոնացած է ներմուծումը և արտահանումը, նրանց մասնակցությունը պետբյուջեի ձևավորման գործում էական չէ։
Ուշագրավ է նաև այն, որ մաքսային մարմինների կողմից հավաքագրված ԱԱՀ-ի ծավալը (Դ96 մլրդ) կազմել է ընդհանուր ներմուծման 13%-ը, այն դեպքում, երբ Հայաստանում ԱԱՀ տոկոսադրույքը 20% է։

Մեկնաբանել