Փուչիկների գործով դատապարտվածին կվիրահատեն

Փուչիկների գործով մեկ տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանը մոտ օրերս կվիրահատվի: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Բոզոյանի փաստաբան Կարեն Մանուչարյանը:

Նա նշեց, որ իր պաշտպանյալի վիրահատության համար անհրաժեշտ գումարը հավաքվել է դրամահավաքի միջոցով:

Սերոբ Բոզոյանը քաղցկեղ ունի, անցած շաբաթ նրա առողջական վիճակը վատացել էր: Նրան տեղափոխել էին հիվանդանոց: Վիրահատության անհրաժեշտություն էր արձանագրվել, սակայն չէին վիրահատել, քանի որ անհրաժեշտ էր եղել 160 հազ. դրամ, որը սոցիալապես անապահով վիճակում գտնվող Բոզոյանի ընտանիքը չունի: Բանկերը մերժել էին վարկ տրամադրել նրան՝ վիրահատության համար:

Սա Փուչիկների գործով դատապարտյալի երկրորդ վիրահատությունն է լինելու: Առաջին անգամ նա վիրահատվել է 2009թ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտում:

Փաստաբան Կարեն Մանուչարյանը հաղորդեց նաև, որ վաղը կամ երկուշաբթի ինքը կդիմի Վերաքննիչ դատարան՝ Բոզոյանի վճիռը բողոքարկելու համար:

Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում գազալիցքավորված փուչիկների պայթյուն և հրդեհ էր տեղի ունեցել։ Հրդեհի հետևանքով միջոցառման մասնակիցները ստացել էին տարբեր աստիճանի այրվածքներ և մարմնական վնասվածքներ։

Մեկնաբանել